Ընթացքի մեջ են հագեցվածությամբ և հզորությամբ Հայաստանում եզակի Արթուր Ալեքսանյանի անվան հունա-հռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոցի շինաշխատանքները: Շիրակի մարզպետարանից հայտնում են, որ մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչները` մարզպետի տեղակալ Կարեն Մանուկյանի գլխավորությամբ, այցելել են «Արթուր Ալեքսանյանի անվան հունա-հռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոցի» նոր համալիրի կառուցման շինհրապարակ, հետևել աշխատանքների ընթացքին, շինարարը ներկայացրել է առաջիկա անելիքները։
Սպորտային համալիրի կառուցման աշխատանքները մեկնարկել են 2021 թվականից։ Իր տեսակով առանձնահատուկ մարզական համալիրն ունենալու է մանկապատանեկան սպորտի զարգացման բոլոր պայմանները` մրցումների և մարզումների մեծ դահլիճներ՝ նախատեսված ըմբշամարտի, ծանրամարտի և մարմնամարզության պարապմունքների համար, մարզադաշտեր, այդ թվում՝ ֆուտբոլի դաշտ, վազքուղի, լողավազան, հյուրանոցային հատված, որտեղ կտեղավորվեն հյուրընկալվող մարզիկները, ժամանցի սրահ և այլ անհրաժեշտ ենթակառուցվածքներ:
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 4 մլրդ 938 մլն դրամ։