ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 3-ին ընդունել է Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Անահիտ Հակոբյանի գլխավորած պատվիրակությանը:
ՀՀ ԱԺ նախագահը ողջույնի խոսքում գոհունակություն է հայտնել Հայաստանի և Արցախի՝ կրթության և գիտության հարցերով զբաղվող համանման հանձնաժողովների միջև ձևավորված սերտ համագործակցության կապակցությամբ:
ՀՀ խորհրդարանի ղեկավարի խոսքով՝ այդ փոխգործակցության հիմքում կրթության ոլորտի զարգացմանը, հումանիտար հարցերի լուծմանը, օրենսդրական բարեփոխումներին, պատերազմի հետևանքով Արցախի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում պատմամշակութային և հոգևոր արժեքների պաշտպանությանը, Արցախի ՏՏ ոլորտում իրականացվող կրթական ծրագրերին վերաբերող հարցերն են:
Կարևորելով Արցախի գործընկերների հետ պարբերական հանդիպումները՝ Ալեն Սիմոնյանը հիշատակել է վերջին համատեղ քննարկման որոշ մանրամասներ, որոնց համաձայն՝ այսօր Ադրբեջանը փորձում է վերացնել հայկական արձանագրությունների հետքերը պատմաճարտարապետական հուշարձաններից: Օրենսդիր մարմնի ղեկավարը հավելել է, որ մեծ աշխատանք պետք է իրականացվի այս խնդիրը համաշխարհային հանրությանը ներկայացնելու առումով:
Ալեն Սիմոնյանը ներկա իրավիճակում կարևորել է կրթության դերն ու նշանակությունը, ինչի վերաբերյալ էլ ծավալվել է հետագա քննարկումը:
ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Անահիտ Հակոբյանն արժևորել է երկկողմ համագործակցությունը բոլոր ոլորտներում, հատկապես՝ կրթության ռազմավարության ծրագրի մշակման, ոլորտի օրենսդրական բարեփոխումների, մշակութային փոխգործակցության առումով:
Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանն ու հանձնաժողովի անդամներ, ԱՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության ու սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Հարությունյանը: