Ֆրանսիայի հրապարակում հրավիրած՝ այսօր տեղի ունենալիք հանրահավաքի նախաշեմին «Հայաստան» դաշինքը հերթական սուտ լուրն է տարածել՝ նպատակ հետապնդելով հնարավորինս շատ մարդ ներգրավել հանրահավաքին։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը:
Չախոյանի խոսքով՝ առաջին դեպքը չէ, երբ այս դաշինքի անունից պաշտոնապես կեղծ լուրեր են տարածում, և ուշագրավն այն է, որ Մեղրին հանձնելու մասին բանակցող Քոչարյանի դաշինքը մեղադրում է իշխանությանը Սյունիքը հանձնելու մեջ։
«Փաստ է, որ փողոցում հայտնված ընդդիմությունը արդեն իսկ խեղդվում է սեփական ստերի մեջ, հիմա պարզապես փորձեր են անում փրկվել՝ նոր ստեր հորինելով ու ձեռքները փրփուրներին գցելով։ Բայց միևնույն է, չի օգնելու։
Իսկ իշխանությունը ընդամենը մեկ բան ունի հանձնելու՝ այս օրերին կեղծ օրակարգով փողոցներում թափառող ԱԺ նիստերից բացակայած, բայց աշխատավարձ ստացած ընդդիմադիր պատգամավորների գործը հանձնել ՍԴ՝ նրանց տրված մանդատների հարցը վիճարկելու համար»,- գրել է Չախոյանը: