ԱԺ միջանցքներում լրագրողները Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին հարց ուղղեցին Երևանի Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ճանապարհահատվածի փլուզման մասին:
«Այս պահի դրությամբ արձանագրություն չկա, որ շինարարի մեղքով է այդ ամենը եղել: Պարզապես շինարարություն է արվել, և անձրևի, ինչպես նաև շինարարական վիբրացիաների պատճառով փլուզում է տեղի ունեցել: Այս պահի դրությամբ շինարարն իր միջոցներով վերականգնում է ճանապարհը: Կարծում եմ, որ այդ հատվածի վրա ցանկացած շինարարի հետ նմանատիպ բան հնարավոր է, որ տեղի ունենար»,- ասաց Սարգսյանը:
Քաղաքապետը վստահեցրեց, որ 4-5 օրից ճանապարհն ամբողջությամբ կբացվի:
«Երկու հերթափոխով աշխատանք են անում»,- հայտնեց Սարգսյանը:
Հիշեցնենք, որ փլուզումը տեղի էր ունեցել մայիսի 20-ին:
Այդ հատվածում ակտիվ շինարարություն էր: «Սահակյանշին» ընկերությունը, որը կառուցապատման թույլտվությունը ստացել էր 2020-ին, անմիջապես ճանապարհի եզրին՝ մոտ 15 մետր խորությամբ, բազմահարկեր է կառուցում: