Հյուսիս-հարավ մայրուղու Տրանշ 3-ի՝ Թալին-Լանջիկ հատվածն է: Շինարարությունն այստեղ եռում է:
Աշխատանքներին հետևելու է եկել համաֆինանսավորող կազմակերպության՝ Ասիական զարգացման բանկի փոխնախագահը:
Շինաշխատանքներն իրականացնում է չինական «Սինոհիդրո քորփորեյշնը»: «Ճանապարհային դեպարտամենտում» հույս ունեն Թալին-Լանջիկ հատվածն ամբողջությամբ գործարկել այս տարեվերջին:
Գոռ Ավետիսյան («Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն) - Ընդհանուր երկարությունը 18.7կմ է: Անցած տարի իրականացվել են ասֆալտապատման աշխատանքներ, ու այս տարի պետք ա շարունակվեն: Մայիս ամսվա ընթացքում մենք տեղադրել ենք մոտ 6 կմ ասֆալտբետոնե մի շերտ:
Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի տնօրենը Հյուսիս-հարավը մեր երկրի ողնաշարն է որակում, նշում՝ իրենք հպարտ են աջակցելու մի ծրագրի, որը կապ է ստեղծում Իրանից դեպի Հայաստան ու անգամ՝ Վրաստանից էլ այն կողմ:
Պաոլո Սպանտիգատի (Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն) - Սա վերջին 1 շաբաթվա ընթացքում իմ երրորդ այցն է Գյումրի: Կարող եմ ասել, որ ես Հյուսիս-հարավի այս հատվածով ակտիվ երթևեկողներից մեկն եմ: Տեսնում եմ, որ շատ մեծ առաջընթաց կա: Հիմա ավելի հեշտ է դարձել Գյումրի հասնելը:
Իսկ որակի համար երաշխավորում է տեխհսկող իտալական կազմակերպությունը, ներկայացուցչի խոսքով՝ ճանապարհը կառուցվում է միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան:
Պոլ Կլարկ (վերահսկող կազմակերպության թիմի ղեկավար) - Իհարկե, թերություններ միշտ կան, առանց դրանց որևէ շինարարություն լինել չի կարող: Բայց ասֆալտի որակն իսկապես լավն է: Ցանկացած աշխատանք սկսելուց առաջ մենք ստուգում ենք ամեն ինչ: Թերություն նկատելիս դիմում ենք կապալառուին` վերանայելու աշխատանքը:
Հյուսիս-հարավ մայրուղու Տրանշ 1-ի, 2-ի, և 3-ի համար այս տարիներին Ասիական զարգացման բանկի տրամադրած վարկային միջոցները անցնում են 300 մլն դոլարը՝ նշում է հայաստանյան գրասենյակի ղեկավարն ու հավելում՝ առջևում Սյունիքի հատվածի կառուցումն է:
Պաոլո Սպանտիգատի - Սա իսկապես մեծ նախագիծ է ցանկացած երկրի համար, ոչ միայն Հայաստանի, այնպես որ, մենք անում ենք ֆանտաստիկ գործ: Կարծում եմ բոլորս՝ սկսած ինձնից, պետք է համբերատար լինենք:
Տրանշ 2-ի՝ Ագարակ հնագիտական վայրը շրջանցող 8 կմ-անոց հատվածի շինաշխատանքները նախատեսվում է մեկնարկել մեկ ամսից, իսկ անավարտ մնացած 34 կմ-անոց հատվածի շինաշխատանքների մրցույթը կհայտարարվի շուտով: