Մայիսի 31-ին՝ ժամը 17:25-ին, ՊՆ «Եռաբլուր» զինվորական պանթեոն-հուշահամալիրից ՊՆ ռազմական ոստիկանության Երևանի բաժին հեռախոսագիր է ստացվել առ այն, որ անհայտ անձը պանթեոնի տարածքից գողացել է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող, մայոր Գեորգի Լյովայի Մինասյանի շիրիմին այցելության եկած վերջինիս քրոջ՝ Մ. Խաչատրյանի դրամապանակը, որի մեջ եղել են գումար, բանկային քարտեր և այլն։
Ռազմական ոստիկանության օպերատիվ ստորաբաժանումներն անմիջապես ձեռնամուխ են եղել հանցագործին հայտնաբերելուն։ Հաջորդ օրը՝ հունիսի 1-ին, ՌՈ Երևանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում ստացված օպերատիվ տվյալներն իրականացնելիս ձեռնարկված լայնածավալ և տարաբնույթ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Երևան քաղաքի Անդրանիկի փողոցից գողություն կատարելու կասկածանքով ՌՈ Երևանի բաժին բերման է ենթարկվել Երևան քաղաքի բնակիչ Վ. Ա.-ն, ով տեղում փաստական տվյալների համադրմամբ տվել է խոստովանական ցուցմունք։
Դեպքի առթիվ ՊՆ ՌՈ Երևանի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: