ԱՄՆ-Ը ՌԱԶՄԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՓԱԹԵԹ ԿՏՐԱՄԱԴՐԻ ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ
Վաշինգտոնը Ուկրաինային կտրամադրի 700 միլիոն դոլարի ռազմական աջակցության նոր փաթեթ, որը ներառում է ամերիկյան HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր՝ ասված է նախագահ Ջո Բայդենի և պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարություններում։
Պենտագոնի տվյալով՝ նոր փաթեթը ներառում է նաև ռադիոտեղորոշիչ զենքեր, մարտավարական մեքենաներ, հրթիռահրետանային արդիականացված համակարգեր, 1000 Javelin հրթիռներ, 6000 միավոր հակատանկային զենք, Մի-17 ուղղաթիռներ և այլ ռազմատեխնիկա։
Էնթոնի Բլինքենի խոսքով՝ սա Կիևին ռազմական օգնության արդեն 11-րդ փաթեթն է․ հատուկ ռազմական գործաղության մեկնարկից ի վեր երկրին, ընդհանուր առմամբ, փոխանցվել է շուրջ 4,6 միլիարդ դոլարի պաշտպանական օգնություն։
Ռուսական կողմն արձագանքել է․ Ուկրաինային ամերիկյան համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի մատակարարումները խանգարում են կայունության հաստատմանը, Արևմուտքը զենքով մոտենում է ռուսական սահմաններին՝ ընդգծել է ՌԴ ԱԳՆ հատուկ հարցերով դեսպան Գրիգորի Մաշկովը։ Նրա խոսքով՝ Արևմուտքը վաղ թե ուշ պետք է վերականգնի եվրոպական անվտանգության համակարգը, սակայն ներկայումս դա հնարավոր չէ։
ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՊՆ-Ն ԽՈՍՏԱՑԵԼ Է ՉԹԻՐԱԽԱՎՈՐԵԼ ՌԴ ՏԱՐԱԾՔԸ. ՔՈՈՒԼ
Կիևը խոստացել է Վաշինգտոնին, որ Ուկրաինայի զինված ուժերը ամերիկյան HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը կօգտագործեն միայն պաշտպանական նպատակներով՝ տեղեկացրել են ԱՄՆ պաշտպանության նախարարությունից։
«Ուկրաինայի պաշտպանության նախարարը, ինչպես նաև Վոլոդիմիր Զելենսկին հավաստիացրել են, որ չեն թիրախավորի Ռուսաստանի տարածքը»,- նշել է փոխնախարարի քաղաքական հարցերով տեղակալ Քոլին Քոուլը։
Նախօրեին ՌԴ նախագահի խոսնակը հայտարարել էր, որ Մոսկվան չի հավատում Ուկրաինայի նախագահ խոսքին, թե Կիևը չի պատրաստվում հարձակվել Ռուսաստանի վրա և նրա դեմ օգտագործել ամերիկյան համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը։ Դմիտրի Պեսկովը նաև համոզմունք է հայտնել, որ ԱՄՆ-ը, Կիևին զենք տրամադրելով, յուղ է լցնում կրակի վրա և բարդացնում Ուկրաինայի շուրջ իրավիճակը։
ՆԱՏՕ-Ն ՉԻ ԴԱՌՆԱ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄ. ՍՄԻԹ
ՆԱՏՕ-ն մտադիր չէ միջամտել Ուկրաինայում հակամարտությանը՝ համոզմունք է հայտնել Հյուսիսատլանտյան դաշինքում ԱՄՆ մշտական ներկայացուցիչը։
«Չնայած ՆԱՏՕ-ի դաշնակիցների շրջանում առկա որոշ տարաձայնություններին, կողմերը միակարծիք են, որ կառույցը չի դառնա այս հակամարտության կողմ: Ջո Բայդենն էլ չի փոխել իր դիրքորոշումը՝ մենք ամերիկյան զորքեր չենք ուղարկելու Ուկրաինա»,- ընդգծել է Ջուլիանա Սմիթը։
Նրա խոսքով՝ Վաշինգտոնն այս փուլում Թուրքիայի միջնորդությամբ անցկացվող ռուս-ուկրաինական շփումներում առաջխաղացում չի ակնկալում, քանի որ Մոսկվան, պաշտոնյայի համոզմամբ, պատրաստ չէ դիվանագիտական լուրջ աշխատանքներ տանել։
Կիևի և Մոսկվայի միջև բանակցային գործընթացին է անդրադարձել Դմիտրի Պեսկովը․ նրա խոսքով՝ Ռուսաստանը բարձրաձայնել է իր պահանջները, բայց Ուկրաինայի իշխանություններն այժմ սառեցնում են բանակցությունները։
«Կիևը, հավանաբար, իր հրահանգիչների ճնշման տակ այլ տարբերակներ է դիտարկում»,- ընդգծել է ՌԴ նախագահի խոսնակը։
ՀԵԼՍԻՆԿԻՆ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՑԱՆԿԱՑԱԾ ԴՐՍԵՎՈՐՈՒՄ
Ահաբեկչության հարցում Թուրքիայի մտահոգություններին պետք է լուրջ վերաբերվել, Ֆինլանդիայի մոտեցումը ահաբեկչության դեմ պայքարին համապատասխանում է ՆԱՏՕ-ի երկրների ընդհանուր դիրքորոշմանը՝ ընդգծել է Ֆինլանդիայի նախագահը։
«Հելսինկին դատապարտում է ահաբեկչության ցանկացած դրսևորում և աշխատում է դրանք կանխելու ուղղությամբ»,- նշել է Սաուլի Նիինիստյոն։
Նա նաև հավելել է, որ ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության վերաբերյալ երկխոսությունը Թուրքիայի հետ կշարունակվի։
Ավելի վաղ՝ Ռեջեփ Էրդողանը հայտարարել էր, որ Ֆինլանդիան և Շվեդիան Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու առումով դեռևս որևէ պատասխան չեն տվել Թուրքիայի մտահոգությունների հետ կապված։
«Մենք բացահայտ ասել ենք՝ դեմ ենք Հելսինկիի և Ստոկհոլմի անդամակցությանը կառույցին, քանի որ նրանք Գերմանիայի, Ֆրանսիայի և Նիդերլանդների հետ աջակցում են Քրդստանի աշխատավորական կուսակցությանը։ Մենք չենք կարող հավատալ փաստաթղթով չամրագրված խոսքերին»,- նախազգուշացրել է նախագահը։ Նշվում է նաև, որ երկրի ղեկավարը փոխել է Շվեդիայում և Ֆինլանդիայում հանրապետության դեսպաններին։
ԹՅՈՒՐՔԻԵ՝ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՆՈՐ ԱՆՎԱՆՈՒՄԸ
ՄԱԿ-ը բավարարել է Անկարայի պաշտոնական հայտը, որով առաջարկվում էր փոխել երկրի Turkey պաշտոնական անվանումը. այսուհետ այն կոչվելու է «Թյուրքիե»՝ հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակը։
Ստեֆան Դյուժարիկի խոսքով՝ Թուրքիայի արտգործնախարարից ստացված ծանուցման համաձայն՝ նոր անվանումը կօգտագործվի միջազգային ֆորումների ժամանակ և պաշտոնական փաստաթղթերում։
Մևլութ Չավուշօղլուն նշել է, որ անվանափոխության նպատակն է միջազգային ասպարեզում բարձրացնել երկրի հեղինակությունը: