Անկարան ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության հարցում փոխզիջումներ չի ակնկալում՝ հայտարարել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավարը։
«Անկարայի ուժն ու ազդեցությունը, ինչպես նաև Հյուսիսատլանտյան դաշինքի համար մեր կարևորությունն ակնհայտ են: Մենք սկզբունքային պայմաններ ենք առաջադրում Հելսինկիին և Ստոկհոլմին»,- ընդգծել է Ֆահրեթթին Ալթունը:
Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ի անդամները պետք է համատեղ ջանքեր գործադրեն ահաբեկչության դեմ պայքարում, հակառակ դեպքում Ֆինլանդիայի անդամակցությունը կարող է վնասել ինչպես Թուրքիայի անվտանգությանը, այնպես էլ դաշինքի ինստիտուցիոնալ ինքնությանը։
Արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղն էլ հայտնել է, որ Անկարան սկանդինավյան երկու երկրներից պահանջել էր Թուրքիա արտահանձնել ահաբեկչական գործողություններ իրականացնելու համար մեղադրվող 33 անձի, որոնք կապ ունեն Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ։
«Մինչ օրս դրական արձագանք մեր պահանջին չենք ստացել»,- նշել է պաշտոնյան։
Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարը խոստովանել է՝ ակնկալում էին, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացն ավելի արագ կլինի․ ժամկետները, նրա խոսքով, առայժմ անկանխատեսելի են։
«Դաշինքի անդամ մի քանի երկիր, այդ թվում՝ Թուրքիան, որոշակի կասկածներ են հայտնել․ մենք փորձում ենք նրանց համոզել, որ ՆԱՏՕ-ն միայն կշահի Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությունից»,- ընդգծել է Պեկկա Հաավիստոն։