Կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նշեց, որ Արցախի անվտանգության և ժողովրդի իրավունքների հարցից պետք է բխի կարգավիճակը:
«Մենք շարունակում ենք կարևորել Արցախում ապրող մեր հայրենակիցների անվտանգությունը և իրավունքները, որից էլ պետք է բխի կարգավիճակը: Համոզված ենք, որ հենց իրավունքներն ու անվտանգությունն են որոշելու կարգավիճակը: Շարունակելու ենք աշխատել այս ուղղությամբ և համոզված ենք, որ այս ուղղությամբ աշխատելով՝ մենք արդյունքներ ենք ունենալու»,- ասաց Գրիգորյանը:
Հարց հնչեց նաև Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո Ալիևի հայտարարության մասին: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում, ըստ լրատվամիջոցների, Ալիևը հայտնել էր, որ բրյուսելյան հանդիպմանը պայմանավորվել են «Զանգեզուրի միջանցքի» բացման շուրջ:
«Բրյուսելից եղել է պարզաբանում, որ միջանցքային տրամաբանությամբ որևէ քննարկում չի եղել: Ի դեպ, սրա մասին Մոսկվայի մեր գործընկերներն են ժամանակին հայտարարել: Հենց նոյեմբերին փոխվարչապետ Օվերչուկի կողմից հայտարարություն է եղել, որտեղ նա նշել է, որ միջանցքային տրամաբանության որևէ հարց չի քննարկվում:
Ադրբեջանը բանակցություններին չհամապատասխանող հայտարարություններ է անում, բայց մենք կարող ենք հստակ ասել, որ մենք ինչ բանակցում ենք՝ հրապարակային կոմունիկացնում ենք»,- ասաց Գրիգորյանը: