ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Կառավարության նիստի ընթացքում ներկայացրեց ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Նախատեսվում է ռազմաուսումնական հաստատություն ավարտած և պաշտպանության նախարարության համակարգում սպայական պաշտոնի նշանակված սպայական կազմի զինծառայողի համար սահմանել բնակարանային ապահովման նոր տեսակ՝ անհատույց օգտագործման և անհատուց սեփականության իրավունքով բնակարան ստանալու իրավունք:
«Գործընթացը ենթադրում է 2022 թվականի հուլիսի 1-ից հետո ռազմաուսումնական հաստատություն ընդունված զինծառայողներին ուսումնառությունն ավարտելուց հետո անհատույց օգտագործման իրավունքով ծառայողական բնակարանների հատկացում, իսկ 20 տարվա զինվորական ծառայության ժամկետը լրանալու, ինչպես նաև մինչև պայմանագրի ժամկետը լրանալն առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու հիմքով պայմանագրային զինվորական ծառայությունից արձակվելու և հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու դեպքում այդ բնակարանը զինծառայողին անհատույց սեփականության իրավունքով տրամադրում»,- ասաց Պապիկյանը:
Բացի այդ, նախատեսվում է հետևյալը. պայմանագրի գործողության ժամկետի ընթացքում զինծառայողի զինվորական ծառայության հետ պատճառական կապով զոհվելու, մահանալու դեպքում զինծառայողին անհատույց օգտագործման իրավունքով հատկացված բնակարանն անհատույց սեփականության իրավունքով տրամադրվում է նրա ընտանիքի անդամներին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ մանրամասնեց.
«Ինքը բնակարանն այդ պահին ստանում է և կարող է այդ բնակարանն օգտագործել ինչպես ուզենա: Կարող է բնակվել, վարձակալության տալ, բայց չի կարող օտարել, որովհետև լիարժեք սեփականության իրավունք չի ստանում:
Օրինակ՝ մարդուն բնակարան ենք տալիս Երևանում, ինքը ծառայություն է ստանում, ենթադրենք՝ Վանաձորում: Սպային ասում ենք՝ այս բնակարանը կարող ես վարձով տալ, Վանաձորում բնակարան վարձել քեզ համար և այդ տարբերությունով այլ սոցիալական կարիքներ հոգալ»: