Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2023 թթ. ծրագրերին հատկացվեց լրացուցիչ 400 մլն դրամ: Գումարը կտրամադրվի երկրորդ, երրորդ և չորրորդ եռամսյակներում դիմող 560 շահառուներին ֆինանսական աջակցություն հատկացնելու նպատակով:
«Անհրաժեշտություն է առաջացել լրացուցիչ միջոցներ հատկացնել Կառավարության 2020 թվականի որոշմամբ հաստատված երեխա ունեցող ընտանիքներին բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-23 թթ. ծրագրերին, որոնք, ըստ էության, իրացվում են բավականին բարձր կատարողականով, և պարբերաբար մեծանում է և՛ դիմողների, և՛ օգտվողների թիվը»,- Կառավարության նիստին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:
Նախարարը տեղեկացրեց, որ ծրագիրն ունի 3 բաղադրիչ՝
1. միանվագ դրամական աջակցություն է տրամադրվում մարզային բնակավայրերում հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով.
2. հիփոթեքով բնակարան ձեռք բերող շահառուին տրամադրվում է դրամական աջակցություն ապահովագրության տարեկան ապահովագրական վճարը վճարելու համար.
3. հիփոթեքային վարկ մարող ընտանիքում երեխա ծնվելու դեպքում ընտանիքին տրվում է միանվագ աջակցություն:
Նարեկ Մկրտչյանը շեշտեց, որ մեծ է ծրագրին դիմելիությունը:
«Ծրագրի մեկնարկից սկսած արդեն 3250 շահառու ծրագրից օգտվել է, և պետության մասնակցությունը մոտ 2.2 մլրդ դրամ է: Մենք նախատեսում ենք, որ այս տարի ծրագրից կօգտվի 2500 շահառու ընտանիք, ինչը մոտավորապես այնքան է, որքան 2020 և 2021 թվականների ցուցանիշները միասին վերցված»,- նշեց Նարեկ Մկրտչյանը: