ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՏՐՎԵԼ ՌԴ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻ 6-ՐԴ ՓԱԹԵԹԻՆ
Եվրամիության ֆրանսիական նախագահությունը հայտնում է՝ կառույցի անդամ երկրների դեսպանները Լյուքսեմբուրգում հավանություն են տվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթին, որը տարածվում է նաև նավթային և բանկային ընկերությունների, լրատվամիջոցների, ինչպես նաև անվտանգային, ռազմական և արդյունաբերական ոլորտների վրա։
Մասնավորապես, սահմանվում է ծովային ճանապարհով ռուսական նավթի մատակարարումների էմբարգո։ Փաթեթը թույլ է տալիս նաև արգելել Ռուսաստանից նավթի մատակարարումը խողովակաշարով։
ԹՈՒՐՔԻԱՆ ԼԻՏՎԱՅԻՆ «ԲԱՅՐԱՔԹԱՐ» ԱԹՍ ԿՆՎԻՐԻ՝ ԿԻԵՎԻՆ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ
Լիտվայի պաշտպանության նախարար Արվիդաս Անուշաուսկասը հայտարարել է, որ Թուրքիան Լիտվային «Բայրաքթար» անօդաչու թռչող սարք կնվիրի՝ Ուկրաինային փոխանցելու համար: Ավելի վաղ նա տեղեկացրել էր, որ Լիտվան Թուրքիայի հետ համաձայնագիր է ստորագրել ուկրաինական զորքերի համար «Բայրաքթար» հարվածային ԱԹՍ ձեռք բերելու մասին։ Այն գնելու համար պահանջվել է մոտ 6 մլն եվրո, որը հավաքվել է տեղական ԶԼՄ-ներից մեկի ներկայացուցչի ջանքերով:
ԱՄՆ-Ը ԴԵՄ Է ՍԻՐԻԱՅՈՒՄ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՎԵՐՍԿՍՄԱՆԸ
ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը հայտարարել է, որ Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ռազմական գործողությունը կարող է խաթարել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարին ուղղված միջազգային ջանքերը:
«Վաշինգտոնը դեմ է Սիրիայի հյուսիսում ռազմական գործողությունների վերսկսմանը, ինչը կարող է հանգեցնել բնակչության լրացուցիչ տեղաշարժի»,- նշվում է ԱՄՆ մշտական ներկայացուցչության հաղորդագրության տեքստում:
Թոմաս-Գրինֆիլդն ընդգծել է նաև, որ Միացյալ Նահանգները ճանաչում է Թուրքիայի օրինական շահերն անվտանգության ոլորտում՝ կոչ անելով լուծել խնդիրները երկխոսության միջոցով:
ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԸ ՓԱՐԻԶՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ ԳՈՐԾԱԴՈՒԼԻՆ
Հարյուրավոր դիվանագետներ Փարիզում մասնակցել են Ֆրանսիայի ԱԳՆ աշխատակիցների համընդհանուր գործադուլին։ Արտաքին քաղաքական գերատեսչության աշխատակիցները դեմ են կազմակերպչական բարեփոխումներին, որոնք արմատապես փոխում են դիվանագիտական կորպուսի ձևավորման սկզբունքները։ Ակցիայի մասնակիցների խոսքով` վերջին 30 տարում դիվանագիտական ծառայության աշխատակիցների թիվն արդեն իսկ կրճատվել է 50 տոկոսով։
ԹՅՈՒՐՔԻԵ՝ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՆՈՐ ԱՆՎԱՆՈՒՄԸ
ՄԱԿ-ը բավարարել է Անկարայի հայտը, որով առաջարկվում էր փոխել երկրի «Turkey» պաշտոնական անվանումը. այսուհետ այն կոչվելու է «Թյուրքիե», հայտնել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարությունից։
Նոր անվանումը կօգտագործվի միջազգային ֆորումների ժամանակ և պաշտոնական փաստաթղթերում։
ԵՂԻՍԱԲԵԹ II-Ի ԳԱՀԱԿԱԼՄԱՆ 70-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՇՔԵՐԹ ԿԿԱՅԱՆԱ
Մանրամասներ են հայտնի դարձել Լոնդոնում Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի գահակալման 70-ամյակին նվիրված հանդիսավոր շքերթից։ Միջոցառմանը, որը կտևի մինչև հունիսի 5-ը, մասնակցում է թագավորական զինված ուժերի ավելի քան 1500 զինծառայող։
Հրավիրվածների շարքում են ԱՄՆ-ից ժամանած արքայազն Հարին և նրա կինը՝ Մեգան Մարքլը։ Թագուհու երկրորդ որդուն՝ արքայազն Էնդրյուին, արգելվել է մասնակցել տոնական արարողություններին․ նրան տարեսկզբին զրկել էին զինվորական պատվավոր կոչումներից՝ դատական գործերի պատճառով:
Եղիսաբեթ II-ը գահ է բարձրացել 25 տարեկանում, այժմ թագուհին 96 տարեկան է։