Արցախի օրենսդիր և գործադիր մարմինների պատվիրակությունը երկօրյա այցով Հայաստանում է: Այսօր հյուրընկալվել են կրթական գերատեսչությունում, վաղը նրանց Ազգային ժողովում են սպասելու: Սա, ի դեպ, պաշտոնը ստանձնելուց հետո Արցախի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Անահիտ Հակոբյանի առաջին այցն է Հայաստան:
Անահիտ Հակոբյան (Արցախի ԿԳՄՍ նախարար) - Մեր այցի ամենակարևոր նպատակը ավելի սերտացնելն է մեր համագործակցությունը ՀՀ համապատասխան գերատեսչությունների հետ:
Հայաստանի կրթության զարգացման պետական ծրագիրն արդեն մշակված է, և այն կարող է ուղենշային դառնալ Արցախի համար: Հայաստանն ու Արցախն ընդհանուր առմամբ գործում են միասնական կրթական դաշտում:
Հայաստանի կրթական գերատեսչության ղեկավարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն ընդգծում է՝ Արցախի գործընկերների հետ մշտական աշխատանքային կապի մեջ են:
Ժաննա Անդրեասյան (ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ) - Մեր համագործակցության արդյունավետությունն ամբողջությամբ երևաց պատերազմի օրերին, երբ որ միասին աշխատելով կարողացանք ապահովել Արցախի մեր բալիկների կրթությունը Հայաստանում այդ ժամանակահատվածում: Եվ ունենք շատ լավ պրակտիկա, որ միասին քննարկում ենք ռազմավարական նշանակության փաստաթղթերը, նախագծերը ու բազում ծրագրեր ունենք համատեղ:
Այսօրվա քննարկման օրակարգն էլ հագեցած էր՝ կրթական հարցերից մինչև պատմամշակութային հուշարձանների պահպանություն և հանրահռչակում:
Սիսակ Գաբրիելյան (ՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ) - Մեր Արցախի գործընկերերի կողմից բարձրացված մի քանի հարցերի արդեն իսկ այս հանդիպման ընթացքում տրվեցին լուծումներ, և առաջիկայում էլ այն մյուս հարցերի շրջանակում, որոնք, ըստ էության, պահանջում են տեխնիկական կամ օրենսդրական լուծումներ, արդեն իսկ կա համաձայնություն, և մենք առաջիկայում այս մասով էլ սերտ համագործակցությամբ կփորձենք լուծել խնդիրները:
Իսկ մինչև քննարկումը Արցախից ժամանած պատվիրակությունը Հայաստանի գործընկերներին փոխանցեց հադրութցի երեխաների գործած գոբելենը:
Հեղինակ` Աննա Զախարյան