Արդեն երեք բանկ միացել է ծրագրին, ըստ որի՝ կենսաթոշակային քարտերով անկանխիկ գնումների դեպքում քաղաքացիները հետվճար կստանան: Կառավարության նիստի ընթացքում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը տեղեկացրեց, որ խոսքը «Արդշինբանկի», «ՎՏԲ-Հայաստան բանկի» և «Հայբիզնեսբանկի» մասին է:
«Շուրջ 560 հազար թոշակառուներից 390 հազարն արդեն իսկ բանկային քարտերով են ստանում իրենց թոշակները: 80 հազար նպաստառուներից 1000-ն են դեռ բանկային քարտերով ստանում»,- ասաց Մկրտչյանը:
Հիշեցնենք, որ հուլիսի 1-ից գործընկեր բանկերի քարտապան կենսաթոշակառուներն ու նպաստառուները, ովքեր ՀՀ տարածքում գործող առևտրի կետերում կամ ծառայություններ մատուցող կազմակերպությունների մոտ տեղադրված վճարային քարտերով և վճարում ընդունող սարքերով կկատարեն գնումներ և վճարումներ, հաջորդ ամիս կստանան 10 տոկոսի չափով հետվճար՝ նախորդ ամսվա ընթացքում կատարված անկանխիկ գործարքների հանրագումարից:
Հետվճարի գումարը չի կարող գերազանցել 5000 դրամը, անկախ նրանից, թե ինչ վճարի սահմանում են կատարվել գործարքները: