Բանակցությունները պետք են նրա համար, որ դրանց արդյունքում գնան փոխզիջումների և գտնեն օպտիմալ տարբերակ՝ ԱԺ-ում հայտարարել է Հայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:
Անդրադառնալով ընդդիմության պահանջին, թե պաշտոնյաները պետք է ասեն, որ Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում, Հարությունյանը հիշեցրել է Հայաստանի ինքնիշխան տարածքի մաս կազմող Մեղրին փոխանակելու տարբերակի մասին՝ ընդգծելով, որ այն քննարկել է 1998-2008-ին երկիրը ղեկավարած և այժմ ընդդիմության շարքերում հայտնված Ռոբերտ Քոչարյանը:
Արայիկ Հարությունյան (ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար) - Հիմա ավելի լավ է դու բանակցություններում գնաս, շատի՞ հասնես և քիչ խոսես, թե՞ շատ խոսես և գնաս դավաճանական բաներ քննարկես: Տարբերությունները, կարծում եմ՝ շատ մեծ են:
Ես ուզում եմ, որ բոլորն օգնեն այն իշխանությանը, որը նախորդ տարի ստացել է մեր ժողովրդի գերակշիռ մեծամասնության քվեն: Յուրաքանչյուրը պետք է այդ քվեն հարգի, ոչ թե տվյալ կառավարությանը և իշխանությանը, այլ այդ քվեն:
Մոտ մեկ տարի առաջ մեր ժողովուրդը այդ պատասխանները տվել է, հիմա ընկնել դռնեդուռ, հուսահատությունից փորձել ինչ-որ օրակարգեր շեղել, շատ կներեք, բայց ՀՀ գործող իշխանությունը չի պատրաստվում մի փոքր խմբի ազդեցությունների տակ շեղվել իր ռազմավարությունից ու մարտավարությունից:
Հեղինակ՝ Անի Օհանյան