44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱՆ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ
Ադրբեջանում 44-օրյա պատերազմի մի խումբ մասնակիցներ բողոքի ակցիա են անցկացրել երկրի աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարարության շենքի դիմաց:
Նրանք դժգոհություն են հայտնել հաշմանդամության և սոցիալական վճարումներից՝ պահանջելով, որ նախարար Սահիլ Բաբաևը դուրս գա և լսի իրենց պահանջները:
Մերժում ստանալով՝ պատերազմի մասնակիցները ներխուժել են նախարարության ընդունարան, առաջացրել խառնաշփոթ: Նշվում է, որ ակցիայի մասնակիցները վնասել են պետական գույքը:
ԹՈՒՐՔԻԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ Է ԱՌԱՋԱԴՐԵԼ ՀԵԼՍԻՆԿԻԻՆ ԵՎ ՍՏՈԿՀՈԼՄԻՆ
Թուրքիան սկզբունքային պայմաններ է առաջադրել Հելսինկիին և Ստոկհոլմին և ակնկալում է, որ դրանք ընդունվեն՝ հայտարարել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավարը:
«Անկարայի ուժն ու ազդեցությունը, ինչպես նաև Հյուսիսատլանտյան դաշինքի համար մեր կարևորությունն ակնհայտ են: Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ի անդամները պետք է համատեղ ջանքեր գործադրեն ահաբեկչության դեմ պայքարում, հակառակ դեպքում Ֆինլանդիայի անդամակցությունը կարող է վնասել ինչպես Թուրքիայի անվտանգությունը, այնպես էլ դաշինքի ինստիտուցիոնալ ինքնությունը»,- նշել է Ֆահրեթթին Ալթունը։
Արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղն էլ հայտնել է, որ Անկարան սկանդինավյան այդ երկրներից պահանջել է Թուրքիա արտահանձնել ահաբեկչական գործողություններ իրականացնելու համար մեղադրվող 33 անձի, որոնք կապ ունեն Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ, սակայն մինչև օրս արձագանք չի ստացել։
Ֆինլանդիայի խորհրդարանի անդամ, Քրդական բարեկամության խմբի նախագահը վստահեցրել է՝ Հելսինկին Թուրքիա չի արտահանձնի Անկարայի կողմից ահաբեկիչներ համարվող քրդերին։ Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարն էլ իր հերթին խոստովանել է՝ ակնկալում էին, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացն ավելի արագ կլինի։
«Դաշինքի անդամ մի քանի երկիր, այդ թվում՝ Թուրքիան, որոշակի կասկածներ են հայտնել․ մենք փորձում ենք նրանց համոզել, որ ՆԱՏՕ-ն միայն կշահի Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությունից»,- ընդգծել է Պեկկա Հաավիստոն։
ԴԱՆԻԱՆ ԿՄԻԱՆԱ ԵՄ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆԸ
Դանիան հուլիսի 1-ից կկարողանա միանալ պաշտպանության և անվտանգության ոլորտում եվրոպական գործակցությանը՝ հայտնել են երկրի ԱԳՆ մամուլի ծառայությունից։
«Սա կարևոր քայլ է։ Միասնական Եվրոպան լավագույն պատասխանն է, որը մենք կարող ենք տալ ստեղծված իրավիճակում», - հայտարարել է ԱԳ նախարար Եպպե Կուֆուդը։
Հունիսի 1-ին Դանիայում ԵՄ շրջանակում պաշտպանական գործակցությանը երկրի միանալու հարցով հանրաքվե է անցկացվել․ դանիացիների 66,9 %-ը կողմ է արտահայտվել նախաձեռնությանը: Հանրաքվեին դիտարկվել է ԵՄ անվտանգության քաղաքականությանը, Միության ռազմական գործողություններին Դանիայի մասնակցության հնարավորությունը։
Դանիան ԵՄ միակ երկիրն է, որն ընդգրկված չէ պաշտպանական գործակցության կազմում:
ՃԱՆԱՉԵԼ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ. ՄԵՐՁԴՆԵՍՏՐԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐ
Ինքնահռչակ Մերձդնեստրի ԱԳ նախարարը կոչ է արել ճանաչել հանրապետության անկախությունը։ Նրա խոսքով՝ Մոլդովան ոչինչ չի արել լարված իրավիճակը քաղաքակիրթ և խաղաղ ճանապարհով լուծելու համար։
«Բանակցային գործընթացը լճացած է, նախկինում ստորագրված համաձայնագրերը չեն կատարվում, արգելափակված են մի շարք ապրանքների, դեղորայքի մատակարարումները։ Երկխոսությունը դադարեցվել է հենց Մոլդովայի նախաձեռնությամբ»,- նշել է Վիտալի Իգնատևը։
Դիվանագետի կարծիքով՝ Քիշնևը չգիտի՝ ինչ դիրքորոշում զբաղեցնել Մերձդնեստրի հետ հարաբերություններում, քանի որ Մոլդովան ձգտում է դեպի Ռումինիա:
ԱՄՆ-Ը ՊԵՏՔ Է ԴԱԴԱՐԵՑՆԻ ԹԱՅՎԱՆԻ ՀԵՏ ՑԱՆԿԱՑԱԾ ՇՓՈՒՄ. ՉԺՀ ԱԳՆ
Վաշինգտոնը պետք է դադարեցնի Թայվանի հետ պաշտոնական ցանկացած շփում և չաջակցի կղզու անկախության կողմնակիցներին՝ համոզմունք է հայտնել Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը՝ մեկնաբանելով տեղեկություններն այն մասին, որ ԱՄՆ-ի և Թայվանի ներկայացուցիչները մտադիր են տնտեսական կապերի ամրապնդման հարցով մի շարք խորհրդակցություններ անցկացնել։
«Այս ամենը «Մեկ Չինաստան» սկզբունքի խախտում է և չի նպաստում Թայվանի նեղուցում խաղաղությանն ու կայունությանը»,- նշել է Չաո Լիցյանը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի գործողությունները վտանգում են նաև Պեկինի և Վաշինգտոնի հարաբերությունները։
ԵՂԻՍԱԲԵԹ ԵՐԿՐՈՐԴԻ ԳԱՀԱԿԱԼՄԱՆ 70-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՇՔԵՐԹ ԿԿԱՅԱՆԱ
Լոնդոնում մանրամասներ են հայտնի դարձել Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդի գահակալման 70-ամյակին նվիրված հանդիսավոր շքերթից։ Միջոցառմանը, որը կտևի մինչև հունիսի 5-ը, մասնակցում է թագավորական զինված ուժերի ավելի քան 1500 զինծառայող, շուրջ 400 երաժիշտ։
Հրավիրվածների շարքում են ԱՄՆ-ից ժամանած արքայազն Հարին և իր կինը՝ Մեգան Մարքլը։ Թագուհու երկրորդ որդուն՝ արքայազն Էնդրյուին, արգելվել է մասնակցել տոնական արարողություններին․ նրան տարեսկզբին զրկել էին զինվորական պատվավոր կոչումներից՝ դատական գործերի պատճառով:
Եղիսաբեթ Երկրորդը գահ է բարձրացել 25 տարեկանում, այժմ թագուհին 96 տարեկան է։