Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների որոշ պատգամավորներ բացակայությունների պատճառով կարող են կորցնել մանդատը: Խոսքը 10 պատգամավորի մասին է: Բացակայողներից մեկը բժշկի թուղթ է ներկայացրել, սակայն ԱԺ-ից անունը չեն հայտնում:
Արթուր Վանեցյան՝ 115 բացակա, Արմեն Չարչյան՝ 153 բացակա, Գեղամ Մանուկյան՝ 129 բացակա, Անդրանիկ Թևանյան՝ 105 բացակա, Ասպրամ Կրպեյան՝ 103 բացակա, Արմեն Ռուստամյան՝ 102 բացակա, Իշխան Սաղաթելյան՝ 101 բացակա, Լիլիթ Գալստյան՝ 99 բացակա, Արթուր Ղազինյան՝ 99 բացակա, Վահե Հակոբյան՝ 98 բացակա:
Երկրի բարձագույն մարմնի ներկայացուցիչները ժողովրդի տված մանդատից կարող են զրկվել միայն Սահմանադրության ու Սահմանադրական դատարանի որոշմամբ: Հայաստանի Սահմանադրության 98-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պատգամավորի լիազորությունները դադարեցվում են յուրաքանչյուր օրացուցային կիսամյակի ընթացքում քվեարկությունների առնվազն կեսից անհարգելի բացակայելու, ինչպես նաև Սահմանադրության 95-րդ հոդվածի պահանջները խախտելու դեպքերում: Մայր օրենքն ԱԺ մեկ նստաշրջանը համարում է, օրինակ՝ հունվարից-հունիս ժամանակահատվածը:
Պատգամավորական լիազորությունների դադարեցման համար պետք է լինեն նաև «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի հիմքերը: «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 156-րդ հոդվածում ամրագրված է՝ եթե պատգամավորը յուրաքանչյուր օրացուցային կիսամյակի ընթացքում քվեարկությունների առնվազն կեսից անհարգելի բացակայել է, ապա ԱԺ խորհրդում առանձին-առանձին քննվում է պատգամավորների բացակայությունների հարցը, և որոշում կայացնելու դեպքում ԱԺ նախագահը դիմում է Սահմանադրական դատարան: ԱԺ խորհուրդը եթե որոշում չկայացնի, ՍԴ կարող են դիմել պատգամավորների ձայների 1/5-րդով: «Սահմանադրական դատարանի մասին» օրենքով՝ հարցը պետք է քննվի առավելագույնը դիմումի մուտքագրման օրվանից 30 օր հետո:
Արթուր Հովհաննիսյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար) - Կա սահմանված բացակայությունների քանակ, որից հետո պատգամավորները կարող են զրկվել մանդատներից: Ըստ էության, դա նշանակում է, որ տվյալ պատգամավորները որևէ կերպ չեն սպասարկում իրենց մանդատն ու բոլորովին այլ նպատակներով են օգտագործում պատգամավորական մանդատից բխող լիազորությունները, անձեռնմխելիությունը նաև: Եվ ԱԺ նախագահը ոչ մեկ անգամ խոսել է սրա մասին, որ պատրաստվում է դիմել ԱԺ խորհրդին՝ այս հարցը քննարկելու համար:
«ԱԺ կանոնակարգ» օրենքի 156-րդ հոդվածի 7-րդ մասով՝ պատգամավորների կողմից քվեարկություններին չմասնակցելը հարգելի կհամարվի, եթե խմբակցության ղեկավարը կամ քարտուղարը քվեարկությունից առաջ Ազգային ժողովի նիստում հանդես գա քվեարկությանը մասնակցելուց՝ խմբակցության հրաժարվելու հայտարարությամբ: Միևնույն ժամանակ սահմանված է, որ խմբակցությունը կարող է քվեարկություններին մասնակցելուց հրաժարվել Ազգային ժողովի տվյալ գումարման միայն մեկ նստաշրջանում: Ընդդիմադիրներին մանդատից զրկելու հարցը «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը կեղծ օրակարգ է որակում՝ նկատելով, որ երկիրն ավելի լուրջ ու հատկապես անվտանգային խնդիրներ ունի:
Հայկ Մամիջանյան (ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար) - Պատգամավորներին մանդատ տալիս է ժողովուրդն իր քվեարկությամբ, իշխանությունը կամ իշխանության որևէ ներկայացուցիչ չէ, որ պետք է որոշի՝ այդ մանդատը տրվում է կամ չի տրվում:
ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԸ ԱԺ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՈՒՂԱՐԿԵԼ
Ընդդիմադիր երկու խմբակցություններն Ազգային ժողովի նախագահին գրություն են ուղարկել: Մամիջանյանի խոսքով՝ գրության մեջ ներկայացրել են այն գործընթացները, որոնք, ըստ նրա, խորհրդարանում տեղի են ունեցել ձևավորումից ի վեր:
Հայկ Մամիջանյան - Ներկայացված է այն փաստը, որ մենք ժողովրդից քվե ու մանդատ ստացել ենք մեր երկրի առաջ ծանրացած հիմնական խնդիրների լուծումը, ինչպես նաև իշխանափոխության գործընթացն արագացնելու ու դրան հասնելու համար: Հաշվի առնելով, որ գործող մեծամասնությունը բազմաթիվ անգամներ փորձել է արհեստական խոչընդոտներ ստեղծել խորհրդարանական ընդդիմության համար՝ սկսած լսումների համար դահլիճ չտրամադրելուց ու վերջացրած նիստեր տապալելով, հաշվի առնելով, որ այս պահին խորհրդարանի քաղաքական օրակարգը չի արտացոլում մեր երկրի առջև ծառացած քաղաքական խնդիրները, նշված է հայտարարության մեջ, որ ընդդիմությունը այս պահին օգտագործում է քաղաքական բոյկոտի գործիքը:
ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԱԺ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ՓՈՐՁ Է
Կառավարող ուժն ընդդիմության փաստարկները պարզունակ է որակում և այս գրությունը համարում է զուտ մանդատները պահելու փորձ:
Արթուր Հովհաննիսյան - Ընդդիմությունը խոսում է, օրինակ՝ երևույթների մասին, թե իբրև ՔՊ-ն խոչընդոտում է իրենց աշխատանքը խորհրդարանում, ու, դրանով պայմանավորված, նրանք այլ ելք չեն գտել, քան փողոց դուրս գալը և այլն, սակայն մենք տեսել ենք, որ ՔՊ-ն անգամ հրավիրել է ընդդիմադիր պատգամավորներին այս դահլիճում, հանձնաժողովներում աշխատանք իրականացնելու, այլև միջազգային հարթակներում ներկայանալու, բայց նաև տեսել ենք, որ ընդդիմությունը հրաժարվել է խորհրդարանական աշխատանքով զբաղվել, չի սպասարկել մանդատը, և այս հիմնավորումները ես գնահատում եմ որպես պրիմիտիվ ու պարզունակ միջոց մանդատները պահել ու իրենց ընտրող ժողովրդից ստացած մանդատներն օգտագործել բոլորովին այլ նպատակներով:
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդդիմության՝ իրեն ուղղված գրությունը համարում է պատասխան իր հարցազրույցին, որտեղ նա չէր բացառել, որ մտադիր է դիմել ԱԺ խորհրդին՝ որոշ պատգամավորների մանդատից զրկելու հարցը քննարկելու համար:
Ալեն Սիմոնյան (ՀՀ ԱԺ նախագահ) - Փաստացի այդ փաստաթղթով փաստում են, որ իրենց բացակայությունները հարգելի չեն, ու ինչ-որ անձնական տպավորությունների ու քաղաքական հայտարարությունների հիման վրա մի փաստաթուղթ են ներկայացրել, որը, անկեղծ ասած, իրավական առումով նշանակություն չունի ու չի կարող ունենալ:
Օրենսդիր մարմնի ղեկավարը ևս մեկ անգամ շեշտեց՝ վերջնական որոշում այս հարցով դեռևս չկա, կլինի նստաշրջանի ավարտից հետո: Սիմոնյանին զարմացրել է ընդդիմության գրությունը, որը, հավաստիացնում է՝ կարող է ճիշտ հակառակ ազդեցությունն ունենալ: Ընդդիմության գրությունը նա ԱԺ վերադառնալու փորձ է գնահատում:
Ալեն Սիմոնյան - Դե, այլընտրանք իրանք ուղղակի չունեն, ի սկզբանե էլ չունեին, ու բնական է, որ հիմա ճանապարհներ են փնտրում, որ վերադառնան:
Ընդդիմադիր որոշ պատգամավորների բացակայությունների հիմքով մանդատից զրկելու հարցը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում ակտիվ քննարկվում է՝ շեշտեց Արթուր Հովհաննիսյանը: Ովքե՞ր են որոշները՝ Հովհաննիսյանը չհստակեցրեց:
Արթուր Հովհաննիսյան - Մենք քաղաքական մարմին ենք, ու որոշումները քաղաքական են լինելու, և հիմնական քննարկումները գնում են որոշ պատգամավորների շուրջ, որոնք, այո՛, ավելի շատ բացականեր ունեն, բացակաների զգալի մասը, բնականաբար, ոչ հիմնավոր են: Մենք կկայացնենք մեր քաղաքական որոշումը ու դրա մասին կտեղեկացնենք:
Ընդդիմության գրությունը մանդատները պահելու փորձ համարելը Հայկ Մամիջանյանը կեղծ է որակում:
Հայկ Մամիջանյան - Ինձ չի հետաքրքրում՝ իշխանության որակումն ինչ է, այդ գրությունն ուղարկվել է՝ բացատրելու համար գործընթացն իրավական տեսանկյունից: Իշխանության կողմից այս օրակարգը կեղծ է ու դաշտ է նետվել 2 շաբաթ առաջ, իսկ մենք երբեք իշխանության թելադրած օրակարգով չենք շարժվում:
ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԸ, ՈՉԻՆՉ ՉԱՆԵԼՈՎ, ԱՇԽԱՏԱՎԱՐՁ ԵՆ ՍՏԱՑԵԼ. ԹՈՒՆՅԱՆ
Ազգային ժողովի տնտեսական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանն էլ այլ բանի վրա է ուշադրություն հրավիրում. ընդդիմությունը, չկատարելով խորհրդարանական պարտականությունները, շարունակում է աշխատավարձ ստանալ, աշխատավարձ ու պարգևավճար կստանան նաև ընդդիմադիրների օգնականներն ու փորձագետները, որոնց մի մասն աշխատանքի չի ներկայացել:
Բաբկեն Թունյան (ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ) - Մայիս ամսվա ընթացքում մեր ընդդիմադիր գործընկերները ԱԺ չեն եկել, մեկ անգամ եկել են Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ: Ինչ-որ միջոցառում փորձեցին կազմակերպել ու գնացին: Իմ հաշվարկներով՝ դա կլինի մոտավորապես 17 մլն դրամ գումարած պատգամավորական հավելավճարները, մոտավորապես 8 մլն դրամ, այսինքն՝ 25 մլն դրամ մեր ընդդիմադիր պատգամավորները ստանալու են մայիս ամսվա իրենց աշխատանքի համար:
Թունյանը հիշեցրեց, որ պատգամավորներն ունեն գործառույթներ, որոնք հայեցողական չեն, օրինակ՝ հանձնաժողովի նիստեր կազմակերպելը, քննարկումները և այլն, ինչն ընդդիմադիրները չեն արել:
Բաբկեն Թունյան - Մեր ընդդիմադիր գործընկերներն այդ գործունեության մասին և իրենց պատգամավոր լինելու մասին հիշում են այն ժամանակ, երբ փորձում են ներխուժել պետական հաստատություններ, կամ ոստիկանի հետ խոսելիս հիշեցնում են, որ իրենց հետ պատգամավոր է խոսում, և, իրենց տրամաբանությամբ, եթե փողոցում խցանումներ առաջացնելը, անկարգություններ հրահրելը կամ ուրիշ միջոցառումներ կազմակերպելը պետք է վարձատրվի պետական բյուջեից, ուրեմն այդ երկու խմբակցություններից բացի նաև այնտեղ հավաքված մյուս քաղաքական ուժերին էլ նույնպես կարելի է վարձատրել, ստանալու են մոտ 30 մլն դրամ առանց ոչինչ անելու:
Կառավարող ուժը կսկսի՞ որոշ ընդդիմադիր պատգամավորների մանդատից զրկելու գործընթացը, թե՞ ոչ՝ պարզ կլինի նստաշրջանի ավարտին:
Հեղինակ՝ Անի Օհանյան