Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) փոխնախագահ Շիխին Չենը, բանկի ներկայացուցիչներ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանի ուղեկցությամբ այցելել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք, դիտարկել ԱԶԲ և ՀՀ Կառավարության ֆինանսավորմամբ վերակառուցվող Տրանշ-3-ի Թալին-Լանջիկ հատվածի շինարարական աշխատանքների ընթացքը։ Այս մասին հայտնում են հիմնադրամից:
Շինարարական աշխատանքներն իրականացնող չինական «Սինոհիդրո քորփորեյշն» ընկերության, տեխնիկական հսկողություն կատարող «Այ Ար Դի ինջինիերինգ» կազմակերպության ներկայացուցիչները մանրամասն ծանոթացրել են կատարված և կատարվող աշխատանքներին։
«Ճանապարհային դեպարտամենտի» գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը նշել է, որ Թալին-Լանջիկ ճանապարհահատվածի երկարությունը 18,7 կմ է, որտեղ իրականացվում են ասֆալտապատման աշխատանքներ։ Այս տարի, մասնավորապես, մեկ ամսվա ընթացքում այստեղ արդեն իսկ տեղադրվել է մոտ 6 կմ մեկ շերտ ասֆալտբետոնե ծածկ։
Գոռ Ավետիսյանը նկատեց, որ ԱԶԲ աջակցությամբ վերակառուցվում է նաև Տրանշ-2-ը՝ Աշտարակ-Թալին հատվածը՝ շուրջ 42 կմ երկարությամբ։ Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8 կմ (կմ 29+600-կմ 37+545) հատվածի շինարարական աշխատանքների մրցութային գործընթացը կավարտվի 2022 թ․ հունիսին:
Մրցույթի արդյունքներով կապալառուի հետ կկնքվի շինարարական աշխատանքների կատարման պայմանագիր: 34 կմ հատվածի (կմ 37+545-կմ 71+500) շինարարության մրցութային գործընթացը ակնկալվում է ավարտել 2022 թվականի 3-րդ եռամսյակում։
Խոսելով կատարվող աշխատանքների որակի մասին՝ Գոռ Ավետիսյանն ընդգծել է, որ ամենօրյա հսկողություն է կատարվում ինչպես տեխհսկողի, այնպես էլ «Ճանապարհային դեպարտամենտի» աշխատակիցների կողմից, և հայտնաբերված ցանկացած շեղում նախագծից անմիջապես շտկվում է։
Շինարարության տեխհսկողությունն իրականացնող «Այ Ար Դի ինջինիերինգ» ընկերության թիմի ղեկավար Պոլ Կլարկը, անդրադառնալով տեղադրվող ասֆալտի որակին, նշել է, որ օգտագործվող նյութերը որակյալ են, դրանք հաստատվում են նախագծին համապատասխան։
ԱԶԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Պաոլո Սպանտիգատին նկատում է, որ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքը շատ կարևոր ծրագիր է։ Այն երկրի սոցիալ-տնտեսական զարգացման մեծ ներուժ ունի, և ինքն ուրախ է տեսնել աշխատանքների լավ առաջընթաց Թալին-Լանջիկ հատվածում։ Նա նաև ընդգծել է «Ճանապարհային դեպարտամենտի» մեծ աշխատանքն այս ծրագրի իրականացման գործում։
Ըստ Պաոլո Սպանտիգատիի՝ սա մեծ ծավալներ ունեցող ծրագիր է ոչ միայն Հայաստանի, այլև ցանկացած երկրի համար, և «Ճանապարհային դեպարտամենտն» անում է լավագույնը` ի նպաստ բոլորիս։