ԱՄՆ իշխանությունները Ուկրաինային են տրամադրում 700 միլիոն դոլարի ռազմական աջակցության նոր փաթեթ, որը ներառում է ամերիկյան HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր: Այդ մասին ասված է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարություններում։
Պենտագոնի տվյալով՝ Ուկրաինային աջակցության ամերիկյան նոր փաթեթը ներառում է նաև ռադիոտեղորոշիչ զենքեր, մարտավարական մեքենաներ, բարձր շարժունակության հրետանային հրթիռային համակարգեր, 1000 Javelin հրթիռներ, 6000 միավոր հակատանկային զենք, Մի-17 ուղղաթիռներ և այլ ռազմատեխնիկա։
Էնթոնի Բլինքենի խոսքով՝ սա Կիևին ռազմական օգնության արդեն 11-րդ փաթեթն է․ հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր երկրին, ընդհանուր առմամբ, փոխանցվել է շուրջ 4,6 միլիարդ դոլարի պաշտպանական օգնություն։
Ռուսական կողմն արձագանքել է՝ նշելով, որ Ուկրաինային ամերիկյան համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի մատակարարումները խանգարում են կայունության հաստատմանը: Արևմուտքը զենքով մոտենում է ռուսական սահմաններին՝ ընդգծել է ՌԴ ԱԳՆ հատուկ հարցերով դեսպան Գրիգորի Մաշկովը։ Նրա խոսքով՝ Արևմուտքը վաղ թե ուշ պետք է վերականգնի եվրոպական անվտանգության համակարգը, սակայն ներկայում դա այլևս հնարավոր չէ։