Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների ու էկոնոմիկայի նախարարներն անդրադարձել են օրեր առաջ Կառավարական 3-րդ մասնաշենքը շրջափակելու և մուտք գործելու ընդդիմության փորձերին: Գնել Սանոսյանը հորդորել է ընդդիմադիր պատգամավորներին յուրաքանչյուր նախարարություն գնալ իրեն առնչվող հարցով:
Վահան Քերոբյանն էլ նշել է, որ ընդդիմադիր պատգամավորները Ազգային ժողով ներկայանալու և իրենց ցանկացած հարց ուղղելու հնարավորություն ունեն:
Վահան Քերոբյան (ՀՀ էկոնոմիկայի նախարար) - Իսկ որտե՞ղ էր Իշխան Սաղաթելյանը 44-օրյա պատերազմի ընթացքում, և արդյո՞ք ինքը պետք է ինձ այդպիսի հարց տա, թե՞ ես՝ իրեն: Իշխան Սաղաթելյանը կարող է գալ այն հարթակը, որը ստեղծված է Սահմանադրության համաձայն, այսինքն՝ գալ ԱԺ և տալ իրեն հուզող ցանկացած հարց: Գալիս է իմ դուռը որ ի՞նչ անի: Ես տեսնում եմ, որ իրենք թափառում են քաղաքում, այս նախարարությունից այն նախարարություն են գնում, փորձում են հանդիպել նախարարներին, բայց նախարարները զբաղված մարդիկ են, ունեն օրակարգ և բավականին խիտ զբաղվածություն: Եվ գալ ու պահանջել հանդիպում, որպեսզի տան մի հարց, որի պատասխանն իրենց ոչինչ չի տալու, չեմ կարծում, թե ամենաարդյունավետ զբաղմունքն է:
Գնել Սանոսյան (ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար) - Ընդդիմությունն այդպես էլ չի կողմնորոշվում՝ ում մոտ ինչ հարցով գնա: Եկել են մեր շենքում, այդ շենքում Առողջապահության նախարարությունն է, Սոցապնախարարությունն է, մենք ենք, Շրջակա միջավայրն է, թող գան, քարտեզները փռենք, իրար հետ աշխատենք, տեսնենք՝ որտեղ ենք ասֆալտ անում, որտեղ՝ ջրագիծ կառուցում, ջրամբարները ուր հասանք: Ժողովուրդ ջան, կլինի՞ իրար հետ գնանք Վարդուշի տանը հարցազրույց անենք: Չէ, չէ՞: Դուք ԱԺ-ում եք հավատարմագրված, հիմա ամեն նախարարություն պետք է գնալ այն հարցերով, որը նախարարությանն առնչվում է: Մեր նախարարություն գան Արցախի հարցերով որ ի՞նչ անեն: