ԻՐԱՎԻՃԱԿՆ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԱՐԵՎԵԼՔՈՒՄ ՇԱՏ ԲԱՐԴ Է. ԶԵԼԵՆՍԿԻ
Ուկրաինան մարտական գործողություններում օրական կորցնում է 60-100 զինծառայող, վիրավորների թիվը հասնում է 500-ի՝ Newsmax հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել է Վոլոդիմիր Զելենսկին։
«Իրավիճակն արևելքում շատ բարդ է: Այնտեղ պաշտպանական գործողություններ ենք իրականացնում, իսկ Խարկովի շրջանում հակահարձակման ենք անցել և ճնշում ենք գործադրում»,- մանրամասնել է Ուկրաինայի նախագահը։
Նրա խոսքով՝ Կիևը տարածքային զիջումների չի գնա։ «Սակայն որոշ տարածքների հետ կապված դժվարություններ կան, դրանք կարելի է քննարկել․ առանց դիվանագիտական ջանքերի ոչինչ չի ստացվի»,- նշել է Զելենսկին։
Մեկնաբանելով Ջո Բայդենի հայտարարությունը, որ Վաշինգտոնը Ուկրաինա չի ուղարկի այնպիսի հրթիռային համակարգեր, որոնք թույլ կտան Կիևին հարվածել Ռուսաստանի տարածքին՝ Զելենսկին վստահեցրել է՝ Կիևը չի պատրաստվում հարձակվել Ռուսաստանի վրա։
«Ես գիտեմ, որ Միացյալ Նահանգներում կամ Սպիտակ տանը ինչ-որ մարդիկ ասում են, թե մենք կարող ենք Ռուսաստանի դեմ օգտագործել ամերիկյան համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը: Մենք Ռուսաստանի տարածքում չենք կռվում»,- պնդել է Զելենսկին։
ՎԱՇԻՆԳՏՈՆԸ ՉԻ ՑԱՆԿԱՆՈՒՄ ՊԱՏԵՐԱԶՄԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԵՄ. ԲԱՅԴԵՆ
Վաշինգտոնը չի ցանկանում պատերազմել Ռուսաստանի դեմ, քանի դեռ ՆԱՏՕ-ի ուժերը հարձակման չեն ենթարկվել։ Միացյալ Նահանգներն ուղղակիորեն չի միջամտի Ուկրաինայում ռազմական գործողություններին՝ The New York Times-ում հրապարակված հոդվածում նշել է Ջո Բայդենը։
«Ես չեմ ողջունում Վլադիմիր Պուտինի գործելաոճը, սակայն Վաշինգտոնը Ռուսաստանում իշխանափոխության չի նպաստի»,- նշել է ԱՄՆ նախագահը։
Նա ընդգծել է նաև, որ Մոսկվան միջուկային զենք կիրառելու մտադրություն չունի, Վաշինգտոնը նման քայլն անընդունելի է համարում։
Բայդենը հայտնել է, որ ԱՄՆ-ը Կիևին ավելի ժամանակակից զինամթերք կտրամադրի, այդ թվում՝ Stinger շարժական զենիթահրթիռային և Javelin հակատանկային համակարգեր, հրետանի և Մի-17 ուղղաթիռներ։
«Մեր նպատակն է, որ Ուկրաինան լինի ժողովրդավարական, անկախ, ինքնիշխան երկիր և կարողանա պաշտպանվել նոր հարձակումից։ Սակայն Ուկրաինային չենք խրախուսում հարվածներ հասցնել իր սահմաններից դուրս, նաև ճնշում չենք գործադրի Կիևի վրա՝ գնալ տարածքային զիջումների»,- ընդգծել է Սպիտակ տան ղեկավարը։
Նա հավելել է, որ Վաշինգտոնը կշարունակի ամրապնդել ՆԱՏՕ-ի արևելյան թևը՝ ԱՄՆ-ի և այլ դաշնակիցների ներուժի միջոցով։ Բայդենը ևս մեկ անգամ ողջունել է Դաշինքին միանալու Ֆինլանդիայի և Շվեդիայի որոշումը։
ՌԴ-Ն ՊԱՏՐԱՍՏ Է ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԻԵՎԻ ՀԵՏ
Ռուսաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները Ուկրաինայի հետ՝ հայտարարել է Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն։
«Անհրաժեշտ են դիվանագիտական, խաղաղ լուծումներ, բայց դրա համար պետք է երկու երկրների կամքը: Մենք պատրաստ ենք համաձայնագիր ստորագրել, որը կդադարեցնի քաղաքացիական պատերազմը, սակայն Կիևից նման պատրաստակամություն չենք տեսնում»,- նշել է նա։
Մատվիենկոն նաև վստահեցրել է, որ Ռուսաստանը չի տուժի ռուսական նավթի մասնակի էմբարգոյից, կգտնի իրացման նոր շուկաներ։
ԿԻԵՎԻՆ ԹԵԿՆԱԾՈՒԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԱՐՑԸ՝ ՀՈՒՆԻՍԻ 23-ԻՆ
ԵՄ՝ հունիսի 23-ին կայանալիք գագաթնաժողովում քննարկվելու է Ուկրաինային կառույցի թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հնարավորությունը՝ հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարարը։ Կատրին Կոլոնան հույս է հայտնել, որ գագաթնաժողովը դրական ազդակներ կուղարկի Կիևին։
«Ուկրաինան եվրոպական ընտանիքի անդամ է, և մի օր կմիանա մեզ․ սպասում ենք Եվրահանձնաժողովի հանձնարարականին, որը պետք է պատրաստ լինի մինչև հունիսի 15-ը»,- մանրամասնել է դիվանագետը։
Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին, իր հերթին, նշել է, որ Ուկրաինային Եվրամիության անդամի թեկնածուի կարգավիճակ շնորհել ներկայումս չի ստացվի, սակայն Եվրահանձնաժողովը դիտարկում է արագացված ընթացակարգով հարցը լուծելու հնարավորությունը։
«Ես աջակցում եմ կառույցին Կիևի անդամակցությունը, սակայն ԵՄ բոլոր խոշոր երկրները դեմ են դրան», - պարզաբանել է Դրագին։
ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ ԵՆՔ ՑԱՆԿԱՑԱԾ ԷՍԿԱԼԱՑԻԱ. ՓՐԱՅՍ
Թուրքիայի ցանկացած նոր հարձակողական գործողություն Սիրիայի հյուսիսում կխաթարի տարածաշրջանի կայունությունը, կազդի խաղաղ բնակչության վրա՝ հայտարարել է Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավարը։
«Մենք անհանգստացած ենք Սիրիայի հյուսիսում ռազմական ակտիվության հնարավոր աճի շուրջ քննարկումներով։ Դատապարտում ենք ցանկացած էսկալացիա»,- նշել է Նեդ Փրայսը։
Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչն էլ հավատացրել է՝ Սիրիայի հյուսիսում նոր ռազմական գործողություն անցկացնելու Անկարայի ծրագրերի հիմքում երկրի ազգային անվտանգության շահն է։
«Մենք պարտավոր չենք որևէ մեկից թույլտվություն հարցնել անդրսահմանային գործողություններ սկսելու համար»,- ընդգծել է Իբրահիմ Քալընը։