ԿԻԵՎԻՆ ԶԻՆՈՒՄ ԵՆ ՆՈՐԱԳՈՒՅՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐՈՎ. ՌԴ ԱԳ ՓՈԽՆԱԽԱՐԱՐ
Մոսկվան արձանագրում է, որ Ուկրաինան չի պատրաստվում օգտագործել ամերիկյան համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը՝ թիրախավորելու Ռուսաստանի տարածքը՝ հայտարարել է փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը՝ մեկնաբանելով Վոլոդիմիր Զելենսկու հայտարարությունն այն մասին, որ Ուկրաինան մտադիր չէ հարձակվել Ռուսաստանի տարածքի վրա։
«Միաժամանակ պետք է արձանագրել նաև, որ Կիևին շարունակաբար զինում են նորագույն համակարգերով։ Վաշինգտոնն այդպիսով փորձում է հետաձգել Ռուսաստանի ռազմական գործողության նպատակների իրագործումը»,- նշել է դիվանագետը, հավատացրել՝ ռուսական ուժերը կկատարեն իրենց առջև դրված խնդիրները՝ չնայած Կիևին ԱՄՆ-ի ցուցաբերած աջակցությանը։
ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ՝ ՌԴ-ՉԺՀ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՀԱՄԱՐ
Ռուսաստանի դեմ կոլեկտիվ Արևմուտքի հիբրիդային պատերազմը նոր հնարավորություններ է ստեղծում Մոսկվայի և Պեկինի միջև գործակցության ընդլայնման համար՝ հայտարարել է Սերգեյ Լավրովը՝ «Ռուսաստան և Չինաստան. գործակցությունը նոր դարաշրջանում» համաժողովի մասնակիցներին ուղղված տեսաուղերձում։
«ԱՄՆ-ը և ԵՄ-ն իրենց արժույթները վերածել են շանտաժի գործիքի․ նման պայմաններում մենք մտադիր ենք զարգացնել ֆինանսական անկախ ենթակառուցվածք, զգալիորեն մեծացնել ռուբլու և յուանի շրջանառությունը մեր պետությունների միջև հաշվարկներում։ Զգում ենք Պեկինի աջակցությունը Եվրոպայում անվտանգության ճարտարապետության ձևավորման և ՆԱՏՕ-ի չընդլայնման հարցում Մոսկվայի մոտեցումներին»,- ընդգծել է ԱԳ նախարարը։
Դիվանագետը Ռիադում մասնակցում է նաև Պարսից ծոցի արաբական երկրների գործակցության խորհրդի նախարարական հանդիպմանը։ Նրա խոսքով՝ Մոսկվան բարձր է գնահատում Իսլամական համագործակցության կազմակերպության, ինչպես նաև Արաբական պետությունների լիգայի հավասարակշռված դիրքորոշումը վերջին զարգացումների առնչությամբ։
ՊԵԿԻՆԸ ԵՎ ՄՈՍԿՎԱՆ ՊԵՏՔ Է ԱՄՐԱՊՆԴԵՆ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ. ՉԺՀ ԱԳՆ
Չինաստանը դեմ է Ուկրաինայում հակամարտություն հրահրելու՝ ԱՄՆ-ի և արևմտյան երկրների քաղաքականությանը՝ հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։ Չաո Լիցյանի խոսքով՝ հակառուսական պատժամիջոցները պետք է չեղարկվեն։ Նա կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները։
«Չինաստանը և Ռուսաստանը պետք է ամրապնդեն գործակցությունը ոչ միայն ավանդական, այլև նոր տեխնոլոգիաների ոլորտում»,- համոզմունք է հայտնել դիվանագետը։
Լիցյանը հորդորել է Վաշինգտոնին՝ կոնկրետ քայլեր ձեռնարկել՝ վերականգնելու Հյուսիսային Կորեայի հետ երկխոսությունը, այդ թվում՝ չեղարկելու Փհենյանի դեմ միակողմանի պատժամիջոցները: Նա նշել է նաև, որ Չինաստանի իշխանությունները դատապարտում են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնի կողմից Օվկիանիայում Պեկինի քաղաքականության վերաբերյալ զրպարտությունները և նրանց փորձերը՝ միջամտելու Չինաստանի ներքին գործերին։
ԳԵՐՄԱՆԻԱՆ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ԱՋԱԿՑԵԼ ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ. ԿԱՆՑԼԵՐ
Գերմանիան կշարունակի աջակցել Ուկրաինային պաշտպանական ոլորտում՝ հայտարարել է Գերմանիայի կանցլերը։
«Առաջիկա շաբաթների ընթացքում կշարունակենք մատակարարումները: Կառավարությունը որոշել է Կիևին ամենաարդիական IRIS-T հակաօդային պաշտպանության համակարգեր տրամադրել»,- մանրամասնել է Օլաֆ Շոլցը։
Նրա խոսքով՝ Ուկրաինան նաև ժամանակակից ռադիոլոկացիոն կայան կստանա։ Կանցլերը հիշեցրել է, որ Նիդերլանդների հետ պայմանավորվածության համաձայն՝ Գերմանիան 12 հաուբից կուղարկի Կիև։
ԱՆԿԱՐԱՆ ԴԵՄ Է ՀԵԼՍԻՆԿԻԻ ԵՎ ՍՏՈԿՀՈԼՄԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆԸ ՆԱՏՕ-ԻՆ
Ֆինլանդիան և Շվեդիան դեռևս որևէ պատասխան չեն տվել ՆԱՏՕ-ին այդ երկրների անդամակցության վերաբերյալ Թուրքիայի մտահոգություններին՝ հայտնել է Ռեջեփ Էրդողանը։
«Մենք բացահայտ ասել ենք՝ դեմ ենք Հելսինկիի և Ստոկհոլմի անդամակցությանը Հյուսիսատլանտյան դաշինքին, քանի որ նրանք Գերմանիայի, Ֆրանսիայի և Նիդերլանդների հետ աջակցում են Քրդստանի աշխատավորական կուսակցությանը։ Մենք չենք կարող հավատալ փաստաթղթով չամրագրված խոսքերին»,- նշել է նախագահը։
Էրդողանը հավելել է, որ հանրապետության Զինված ուժերը մտադիր է նոր անդրսահմանային գործողություն իրականացնել և մաքրել Սիրիայի հյուսիսում գտնվող Մանբիջ և Թել Ռիֆաթ շրջանները ահաբեկիչներից։
Նա հայտարարել է նաև, որ Անկարան այլևս երկկողմ բանակցություններ չի վարի Աթենքի հետ։
«Մենք խզել ենք Հունաստանի հետ բարձր մակարդակով Ռազմավարական խորհրդի նիստ անցկացնելու մասին պայմանագիրը։ ԱՄՆ Կոնգրեսում շատ են Թուրքիայի դեմ հանդես եկող կիպրացի հույները։ Արդեն հոգնել ենք նրանցից»,- ընդգծել է Էրդողանը, շեշտել՝ Հունաստանի և Թուրքիայի ճանապարհները չեն հատվում։