Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա առթիվ Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում հյուրընկալվել են 2021-2022 թթ. մշակույթի, կրթության և սպորտի ոլորտներում նշանակալի հաջողություն արձանագրած մի խումբ պատանիներ:
Երեխաները նախ շրջայց են կատարել Հանրապետության նախագահի նստավայրում, ծանոթացել շենքի պատմությունը:
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հետ միասին ողջունել և շնորհավորել են պատանիներին:
«Մաղթում եմ ձեզ նշանակալի հաջողություններ ուսման բնագավառում, ստեղծագործական նորանոր հորիզոններ։ Պետք է մշտապես ձգտեք գիտելիքներ ստանալ, կատարելագործվել, մայրենի լեզվի, հայրենի պատմության և աշխարհագրության իմացությունը խորացնել: Իսկ մենք կանենք ամեն ինչ խաղաղ երկինքն ու կայունությունը ապահովելու, ձեր իրավունքները պաշտպանելու համար»,- նշել է նախագահ Խաչատուրյանը։
Ջերմ և անմիջական մթնոլորտում Հանրապետության նախագահը պատասխանել է նաև երեխաներին հետաքրքրող հարցերին:
Այնուհետև նախագահական նստավայրի մեծ դահլիճում երեխաները կատարել են հայտնի, ինչպես նաև իրենց հեղինակած ստեղծագործություններից մի քանիսը: