ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Հ-5, /Հ-6/ (Նոր Գեղի)-Արգել-Արզական-Հրազդան (Հ-85) հանրապետական նշանակության ավտոճանապարհի 10.8 կմ երկարությամբ հատվածը (կմ25+200-կմ36+000), որը Բջնիից հասնում է մինչև Հրազդան։ Ասֆալտապատման աշխատանքներն արդեն իսկ մեկնարկել են։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Սերժիկ Պետրոսյանն այցելել է հիմնանորոգվող ճանապարհահատված, շինարարությունն իրականացնող և նախագծող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ դիտարկել են ընթացիկ աշխատանքները։ Տեղում ուսումնասիրվել են նախագծային որոշ լուծումներ։ Հատկապես դիտարկվել են ճանապարհի ջրահեռացման, ենթակառուցվածքների կառուցման, տեղափոխման և այլ հարցեր։
Նշենք, որ շինաշխատանքներն իրականացնում է «Ճանապարհ» ՍՊԸ-ն, նախագիծը կազմել է «Հալդի» ընկերությունը, իսկ տեխնիկական հսկողությունը կատարում է «Սուֆետ» կազմակերպությունը։
Հիմնանորոգումը կավարտվի մինչև այս տարվա վերջ։ Տեղի բնակիչները նշում են, որ ճանապարհի հիմնանորոգումը կենսական նշանակություն ունի իրենց համար։ Ճանապարհը երթևեկության մեծ ինտենսիվություն ունի, միմյանց է կապում Կոտայքի մարզի մի շարք բնակավայրեր, որոնք նաև զբոսաշրջային կենտրոններ են, ուստի բարեկարգ ճանապարհ ունենալը կնպաստի տվյալ տարածաշրջանի զարգացմանը։