Ռազմական գործողությունների ավարտից հետո առաջին անգամ նավ է դուրս եկել Մարիուպոլի նավահանգիստից: Ըստ տեղեկությունների՝ այն պողպատ է տեղափոխում Դոնի Ռոստով։ Քաղաքի նոր վարչակազմի տվյալներով՝ նավահանգիստն առաջին խոշոր ձեռնարկությունն է, որը սկսել է աշխատել Մարիուպոլում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Այն նորից գործում է սակրավորների աշխատանքի շնորհիվ: Նավահանգստի ավելի քան մեկուկես միլիոն քառակուսի մետր տարածքում նրանք հազարավոր պայթուցիկ առարկաներ են չեզոքացրել:
ԴԺՀ-ի ղեկավար Դենիս Պուշիլինը հայտարարել է, որ Մարիուպոլի նավահանգստի նավերի մի մասը կանցնի Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության իրավասության տակ, տարածաշրջանը կունենա սեփական առևտրային նավատորմը, մեծ հնարավորություններ կբացվի ամբողջ Դոնբասի համար՝ վերականգնելու հանրապետությունների տնտեսությունը։
Ուկրաինայի իշխանությունները, սակայն, կատարվածը գողություն են համարում: Ուկրաինական կողմը վստահեցնում է, որ գողացվում են և՛ ուկրաինական նավերը, որոնք գտնվում էին նավահանգստում, և՛ դրանց բեռները՝ մետաղ, որն արտադրվում էր ուկրաինական գործարաններում: