«Մենք պարտավոր չենք որևէ մեկից թույլտվություն ստանալ անդրսահմանային գործողություններ սկսելու համար»,- հայտարարել է Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը։
Նա վստահեցրել է՝ Սիրիայի հյուսիսում նոր ռազմական գործողություն անցկացնելու Անկարայի ծրագրերի հիմքում երկրի ազգային անվտանգության շահն է։
Այս կերպ Անկարան պատասխանել է Սպիտակ տան մտավախությանը: «Թուրքիայի ցանկացած նոր հարձակողական գործողություն Սիրիայի հյուսիսում կխաթարի տարածաշրջանի կայունությունը, կազդի խաղաղ բնակչության վրա»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավարը և դատապարտել ցանկացած էսկալացիա։
Թուրքիայի նախագահ Էրդողանը խորհրդարանում իշխող կուսակցության պատգամավորների հետ հանդիպմանն ասել է, որ Սիրիա ներխուժումն արդեն մեկնարկել է հունիսի 1-ից: Ըստ նրա՝ գլխավոր նպատակը լինելու է «Թալ Ռիֆաթ և Մանբիջ քաղաքների ազատագրումն ահաբեկիչներից»: Թուրքիան ահաբեկիչ է համարում Սիրիայի քրդական ուժերին:
Մայիսի 23-ին Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել էր Սիրիայի հյուսիսում նոր ռազմական գործողության նախապատրաստման մասին՝ 30 կիլոմետրանոց անվտանգության գոտին ընդլայնելու նպատակով։
Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ գործողությանը նախատեսվում է ներգրավել մոտ 50 հազար թուրք զինվորականների և սիրիական զինված ընդդիմության զինյալների, որոնք ստանում են Թուրքիայի աջակցությունը: