Հայաստանի զբոսաշրջության կոմիտեից տեղեկացնում են՝ հունիսի 1-3-ը Երևանում մեկնակում է ՄԱԿ-ի Զբոսաշրջային համաշխարհային կազմակերպության (ԶՀԿ) Եվրոպայի տարածաշրջանային հանձնաժողովի 67-րդ նիստը՝ Եվրոպայի անդամ 40 պետությունների ավելի քան 90 պատվիրակների մասնակցությամբ:
Նիստի շրջանակներում հունիսի 3-ին նախատեսվում է նաև միջազգային համաժողովի կազմակերպում «Զբոսաշրջություն և գյուղական համայնքների զարգացում․ ինչպես են տեղական փորձառությունները ձևավորում ու արժևորում զբոսաշրջային վայրը» թեմայով, որին, ի թիվս Եվրոպայի տարածաշրջանի անդամ պետությունների ներկայացուցիչների, մասնակցելու են նաև Հայաստանի պետական և մասնավոր հատվածների ներկայացուցիչներ։
ՄԱԿ-ի ԶՀԿ-ն 2020 թ․ հայտարարել է զբոսաշրջության և գյուղական զարգացման տարի՝ կարևորելով տուրիզմը գյուղական համայնքներում՝ ուղղված համայնքների կայուն զարգացմանը։ Հաջորդող տարիներին մի շարք նոր ծրագրեր, մրցույթներ հայտարարվեցին, որոնք միտված էին հենց գյուղական տուրիզմի զարգացմանը։ Պատահական չէ, որ այս տարի ընտրվեց հենց այս թեման՝ կրկին կարևորելով գյուղական համայնքների դերը։ Իհարկե, այս համատեքստում Հայաստանը նույնպես իր կարևոր ասելիքն ունի։
Նիստի անցկացումը Հայաստանում կնպաստի երկրի՝ որպես զբոսաշրջային դեստինացիայի իմիջի ու ճանաչելիության բարձրացմանը, մասնավորապես՝ Եվրոպայի տարածաշրջանում Հայաստանի դիրքերի ամրապնդմանը՝ համոզված են մասնագետները: