Երեխաներին վերաբերող կարևոր որոշումներ կայացնելիս մեծահասակները հաճախ մոռանում են նրանց հարցնել՝ իսկ դուք ինչ եք մտածում այդ մասին: Հենց նրանց կարծիքը լսելու նպատակով էլ Մարդու իրավունքի պաշտպանի աշխատակազմն ու ՅՈՒՆԻՍԵՖ-Ը հունիսի 1-ին կազմակերպել են «Երեխաների իրավունքները երեխաների աչքերով» ներառական համաժողովը:
Դիվանագետները, պաշտոնատար անձինք եկել էին` երեխաներից լսելու նրանց իրավունքների հետ կապված խնդիրներն ու հուզող հարցերը:
7-րդ դասարանցի Մարիան ասում է՝ փոքրերի իրավունքները հաճախ ոտնահարվում են հենց ընտանիքում, երբ անգամ ամենափոքր բաները որոշում են նրանց փոխարեն:
Մարիա Գրիգորյան (Գուգարքի հիմնական դպրոցի 7-րդ դասարանի աշակերտուհի) - Երեխաները սովորական, մեծահասակ մարդկանց նման առանձնահատուկ էակներ են, որոնք ունեն իրավունքի իրավունք: Եվ այդ իրավունքները պետք է պաշտպանվեն մեծահասակների կողմից, ոչ թե ընդհակառակը` ոտնահարվեն՝ երեխայի ինքնագնահատականը գցելով, որից հետո առաջանում են, պարզ է, հոգեբանական խնդիրներ:
Երևանի ու մարզերի տարբեր դպրոցներից հավաքված երեխաները խնդիրների լայն շրջանակ էին բարձրաձայնում՝ կրթության իրավունքի խոչընդոտներ, հավասար հնարավորությունների բացակայություն, հաղորդակցման դժվարություններ լսողության խնդիրներ ունեցող դպրոցականների համար, պատերազմը՝ որպես երեխայի իրավունքի ոտնահարում, բուլինգ և խտրական վերաբերմունք:
Նարեկ Ստեփանյան (Գառնիի Ատոմի անվան համար 2 ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ) - Մենք՝ երեխաներս, ունենք սովորելու իրավունք, բայց կան շատ գյուղական համայնքներ, որտեղ դրանք ոտնահարվում են: Դրանք ոտնահարվում են, օրինակ՝ երբ ես չեմ կարողանում կարդալ այն գիրքը, որն ինձ դուր է գալիս ... կամ գրադարան չկա, կամ դա կցված է դպրոցին, կամ ընդհանրապես մեր ուզած գիրքը չկա էնտեղ:
Երեխաների առաջադրած բազմազան խնդիրներից զատ` Մարդու իրավունքների պաշտպանը առանձնացնում է, իր դիտարկմամբ՝ ամենահիմնականները՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ դրանք բազմաթիվ ու բազմաշերտ են:
Քրիստիննե Գրիգորյան (ՀՀ մարդու իրավունքների պաշտպան) - Յուրաքանչյուր խումբ ունի իր յուրահատուկ կարիքները, բայց եթե փորձենք ընդհանուր առմամբ ասել, պիտի ասենք, որ մեզ մոտ շարունակում է խնդիր մնալ երեխաների նկատմամբ բռնության կանխարգելման մեխանիզմները, հատկապես կիբեռտարածության մեջ երեխաների նկատմամբ ոտնձգությունների ոչ պատշաճ ինստիտուցիոնալ կամ ոչ պատրաստված ինստիտուցիոնալ արձագանքի մասով ունենք խնդիրներ:
Իսկ միջոցառմանը մասնակցող երեխաների սպասելիքները մեծ են: Հույս ունեն, որ մեծահասակները, նվերներ ու փուչիկներ տալուց բացի, այլ դիտանկյունից կնայեն երեխաների իրավունքների պաշտպանությանը:
Հեղինակ` Աննա Զախարյան