Այսօր Գյումրիում տեղի է ունեցել «Սուրբ Մարիամ» մանկապարտեզի բացման արարողությունը, որին ներկա են եղել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արթուր Սողոմոնյանը, Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը, Համաշխարհային բանկի Հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը:
Մանկապարտեզի վերակառուցման աշխատանքներն իրականացվել են Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի «Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման» ծրագրով։ Մանկապարտեզի նախկին շենքը գտնվում էր վթարային վիճակում և համարվել էր սեյսմավտանգ:
Որոշում է կայացվել մանկապարտեզի շենքի տեղում կառուցել սեյսմակայունության բոլոր չափանիշներին համապատասխան երկհարկանի նախադպրոցական ուսումնական հաստատություն: Մանկապարտեզը ապահովված է օդափոխության, հակահրդեհային ազդարարման համակարգերով: Ջեռուցումը իրականացվելու է 2 տուրբո կաթսաներով:
Ծրագրով իրականացվել է նաև տարածքի բարեկարգում ու ցանկապատում, շենքի շուրջ` սալիկապատում, խաղահրապարակների, անցուղիների և ներտարածքային ճանապարհների կառուցում: Մանկապարտեզը նախատեսված է եղել 75 երեխայի համար, վերաբացումից հետո այս թիվը կարող է ավելանալ:
Ծրագրի իրականացման համար ներդրվել է 171 միլիոն 188 հազար դրամ, որից համայնքի ներդրումը կազմում է 20 միլիոն 594 հազար դրամ, մյուս` մեծ մասը ՀՀ կառավարության և համաշխարհային բանկի ներդրումն է:
Մանկապարտեզի կառուցման համար ՀՀ կառավարությունը և համայնքապետարանը իրականացրել են լրացուցիչ ներդրումներ։