Երեխաների պաշտպանության միջազգային օրն Արցախի Վաղուհաս գյուղում մանկապարտեզ է բացվել: Դպրոցի նախկին շենքը պետական ծրագրով հիմնովին նորոգվել և հարմարեցվել է նախակրթարանի պահանջներին: Նախատեսում են, որ հարևան գյուղերի փոքրիկները ևս այստեղ կհաճախեն:
Հայկուհի Բախշիյան (Վաղուհասի պետական մանկապարտեզի տնօրեն) - Առաջարկներ, խնդրանքներ ունենք հարակից գյուղերից նույնպես, որ ընդունենք: Մենք խնդիր չենք ունենա, անպայման ընդունելու ենք և նույնպես շատ լավ ենք վարվելու երեխաների հետ: Իրենց կրթության ասպարեզում մանկապարտեզը մեծ դեր ու նշանակություն է ունենալու:
Մանկապարտեզը նախատեսված է 2 խմբի՝ 60 երեխայի համար: Բացման արարողությանը նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն է մասնակցել և ծանոթացել նախակրթարանի պայմաններին:
Ռայա Մուսայելյան (Արցախի ԿԳՄՍՆ աշխատակազմի կրթության և գիտության վարչության պետ) - Սկսած դիրքից, մուտքից, հրապարակից և աշխատակիցների կամեցությունից` նրանք կարճ ժամանակամիջոցում, իմանալով, որ պետք է բացում կատարվի, լծվել են այդ աշխատանքին՝ ֆիզիկական աշխատանք, կահավորման աշխատանք, և ստեղծել հոյակապ մի հիմնարկ:
Նախակրթարանը կահավորվել է «Շտապիր դեպի լավը» բարեգործական հիմնադրամի և վաղուհասցի բարերար Գրիգորի Հայրապետյանի ֆինանսավորմամբ: Հաջորդ տարի Հայրապետյանը ծննդավայրում տնտեսական ծրագրեր է նախատեսում՝ կաթի և մսի վերամշակման արտադրամասեր:
Գրիգորի Հայրապետյան (բարերար) - Աստված տա, տեսնենք՝ այս տարի նախագծենք, որ հաջորդ տարի դնենք:
Ռուզաննա Զաքարյանը մանկավարժական կրթություն ունի, բայց փորձ չունի: Վստահ է, որ առաջատար մանկապարտեզների աշխատակիցների հետ փորձի փոխանակմամբ կհաջողեն հաճելի, բայց պատասխանատու գործում:
Ռուզաննա Զաքարյան (դաստիարակ) - Հոգատարության մասին, կարծում եմ, խոսք չի լինի: Մենք ամեն ինչ կանենք, որ երեխաների համար ամեն ինչ լավ լինի, ծնողների համար լավ լինի: Կարծում եմ՝ ծնողները կվստահեն, որովհետև ճանաչում են մեզ:
Մանկապարտեզի բացմամբ 11 նոր աշխատատեղ է ստեղծվել, ինչը գյուղական համայնքի համար փոքր թիվ չէ: