ԹՈՒՐՔԻԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՍԻՐԻԱՅՈՒՄ ՆՈՐ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Թուրքիան հայտարարել է Սիրիայում նոր ռազմական գործողություն սկսելու մասին։ Ռեջեփ Էրդողանի խոսքով՝ այն կավարտվի, երբ Անկարան ազատվի իր սահմանների մոտ տեղակայված ահաբեկիչներից։
«Ռազմական գործողությունը չի սպառնում Սիրիայի տարածքային ամբողջականությանը», - նշել է Թուրքիայի նախագահը։
Ավելի վաղ նա հայտնել էր, որ հանրապետության Զինված ուժերը մտադիր են ահաբեկիչներից մաքրել Սիրիայի հյուսիսում գտնվող Մանբիջ և Թել Ռիֆաթ շրջանները։
Էրդողանն անդրադարձել է նաև Հյուսիսատլանտյան դաշինքին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը, ընդգծել՝ այդ երկրները դեռևս որևէ պատասխան չեն տվել Թուրքիայի մտահոգություններին։
«Մենք բացահայտ ասել ենք՝ դեմ ենք Հելսինկիի և Ստոկհոլմի անդամակցությանը Հյուսիսատլանտյան դաշինքին, քանի որ նրանք Գերմանիայի, Ֆրանսիայի և Նիդերլանդների հետ աջակցում են Քրդստանի աշխատավորական կուսակցությանը։ Մենք չենք կարող հավատալ փաստաթղթով չամրագրված խոսքերին»,- նշել է նախագահը։
ԱՄՆ-Ը ԿՀԵՏԵՎԻ ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻՆ. ԲԼԻՆՔԵՆ
Վաշինգտոնը դեմ է Սիրիայում Թուրքիայի ռազմական նոր գործողությանը, դա կխաթարի տարածաշրջանային կայունությունը, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ համատեղ մամուլի ասուլիսում:
Էնթոնի Բլինքենը տեղեկացրել է նաև, որ Վաշինգտոնը կհետևի Ուկրաինայում զարգացումներին և կշարունակի զենք մատակարարել երկրին։
«Կիևը հավատացրել է Միացյալ Նահանգներին, որ ամերիկյան համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը չի օգտագործի Ռուսաստանի տարածքը թիրախավորելու համար», - նշել է դիվանագետը։
Նրա խոսքով՝ ուկրաինական հակամարտությունը դեռ երկար կշարունակվի։
Բլինքենը նաև վստահություն է հայտնել, որ ՆԱՏՕ-ն կընդունի Ֆինլանդիային և Շվեդիային՝ չնայած Թուրքիայի առարկություններին։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնը կուսումնասիրի Անկարային F-16 կործանիչներ տրամադրելու մասին երկրի խնդրագիրը։
Ստոլտենբերգն, իր հերթին, հայտարարել է Անկարայի, Ստոկհոլմի և Հելսինկիի ներկայացուցիչների հետ հանդիպում անցկացնելու մտադրության մասին՝ լուծելու ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցելու հարցը։
ՊՈՒՏԻՆ-ԶԵԼԵՆՍԿԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՈՉ ՈՔ ՉԻ ԲԱՑԱՌՈՒՄ. ՊԵՍԿՈՎ
Մոսկվան չի հավատում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու խոսքերին, թե Կիևը չի պատրաստվում հարձակվել Ռուսաստանի վրա և նրա դեմ օգտագործել ամերիկյան համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը, հայտարարել է Դմիտրի Պեսկովը։
ՌԴ նախագահի խոսնակը նաև համոզմունք է հայտնել, որ ԱՄՆ-ն, Կիևին զենք տրամադրելով, յուղ է լցնում կրակի վրա և բարդացնում Ուկրաինայի շուրջ իրավիճակը։
«Նման մատակարարումները չեն նպաստում, որ Ուկրաինայի ղեկավարությունը ցանկանա խաղաղ բանակցությունները վերսկսել», - կարծիք է հայտնել պաշտոնյան։
Պեսկովի խոսքով՝ Վլադիմիր Պուտինի և Վոլոդիմիր Զելենսկու հանդիպումը ոչ ոք չի բացառում, սակայն դա հնարավոր է միայն խաղաղության համաձայնագրի առկայության դեպքում, որի շուրջ աշխատանքները, նրա համոզմամբ, վաղուց դադարեցվել են։
Պաշտոնյան անդրադարձել է նաև սևծովյան նավահանգիստներից հացահատիկի արտահանման հնարավորությանը, նշել՝ այդ հարցով պայմանավորվածություններ դեռևս ձեռք չեն բերվել։
«Ռուսաստանը չի խոչընդոտում Ուկրաինայից հացահատիկի արտահանումը», - վստահեցրել է խոսնակը։
ՈՒԿՐԱԻՆԱՆ ԿՐԵԼ Է ԱՎԵԼԻ ՔԱՆ 600 ՄԻԼԻԱՐԴ ԴՈԼԱՐԻ ՎՆԱՍ
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրիյ Երմակը հայտարարել է, որ երկիրը շատ ծանր վիճակում է։ Նրա խոսքով՝ ռազմական գործողությունների պատճառով Ուկրաինան կրել է ավելի քան 600 միլիարդ դոլարի վնաս։
«Երկիրը լքել է 5 միլիոնից ավելի մարդ, կորցրել ենք ավելի քան 200 գործարան։ Արևելքում և հարավում կատաղի մարտեր են ընթանում», - հավելել է Երմակը։
Ավելի վաղ Վոլոդիմիր Զելենսկին տեղեկացրել էր, որ Ուկրաինան մարտական գործողություններում օրական կորցնում է 60-100 զինվորական, վիրավորների թիվը հասնում է 500-ի։
Եվրոպական ներդրումային բանկի ղեկավար Վերներ Գոյերի գնահատմամբ՝ Ուկրաինան վերականգնելու համար կպահանջվի 1 տրիլիոն եվրո։
ԿԱՊԿԻ ԾԱՂԿՈՎ ԱՌՆՎԱԶՆ 550 ՎԱՐԱԿՄԱՆ ԴԵՊՔ՝ 30 ՈՉ ԷՆԴԵՄԻԿ ԵՐԿՐՈՒՄ
Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը հայտնի է 30 ոչ էնդեմիկ երկրում կապկի ծաղկով վարակման ավելի քան 550 դեպքի մասին, հայտնել է կառույցի գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը, նշել՝ հիվանդության բռնկման պատճառներն ուսումնասիրվում են։
Կառույցի տվյալներով՝ տարեսկզբից Աֆրիկայում կապկի ծաղկից մահացել է 70 մարդ։ Փորձագետների կարծիքով՝ հիվանդությունը հանրային վտանգ չի ներկայացնում, զանգվածային պատվաստման կարիք դեռևս չկա։