Երկրորդ ժամկետով վերընտրված Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը երդմնակալության ժամանակ խոստացել է շարունակել երկիրն առաջնորդել դեպի Եվրամիություն։ Սերբիայի ղեկավարը նույնիսկ ակնարկել է, որ նոր կառավարությունը, որը կձևավորվի հուլիսին, կարող է քննարկել պատժամիջոցներ կիրառելու հարցը։ Սերբիան միակ եվրոպական երկիրն է, որը չի միացել Ռուսաստանի նկատմամբ սահմանափակումներին՝ գրում է Euronews-ը։
Միաժամանակ Վուչիչը խոստացել է պահպանել Սերբիայի «ռազմական չեզոքությունը»։ Ավելի վաղ Սերբիայի իշխանությունները պաշտոնապես դատապարտել էին Ռուսաստանի հատուկ ռազմական գործողություններն Ուկրաինայում, սակայն դա չխանգարեց, որ անցյալ շաբաթ նրանք ևս երեք տարով երկարաձգեն գազի մատակարարման պայմանագիրը հազար խորանարդ մետրի դիմաց 400 դոլարով։ Այդ գինը շուկայականից ցածր է մոտ երկու անգամ։