Կաթով կենացը Կաթի համաշխարհային օրվա պատվին է։ Ասուլիսը՝ խնդիրների․ մեր երկրում, պարզվում է, մարդիկ շատ քիչ են կաթ խմում։ ՄԱԿ-ի Պարենի ծրագրի ներկայացուցիչն ահազանգում է. այնքան քիչ, որ ըստ ուսումնասիրության՝ հայաստանյան 6-7 տարեկան երեխաների մեծամասնությունը ոսկորների աճին նպաստող կալցումի պակաս ունի։ Իր ծննդավայր Դանիայում, օրինակ, կաթը սեղանին է ինչպես նախաճաշի, այնպես էլ ընթրիքի ժամանակ։
Խոշոր ֆերմաների ու անհատ գյուղացիների արտադրած կաթի ծավալով պետությունը վատ ցուցանիշ չունի՝ պաշտոնական վիճակագրությունն է ներկայացնում էկոնոմիկայի փոխնախարարը։
Արման Խոջոյան (ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ) - Ըստ Վիճակագրության՝ 2021 թվականին կաթի արտադրությունը Հայաստանում կազմել է 670 հազար տոննա, որից օպերատիվ տվյալներով վերամշակման է ծառայել շուրջ 200 հազարը:
Հարցը ոչ այնքան քանակն է, որքան որակը․ անասնապահները հաճախ կովերին փնթի են պահում, խոտի փոխարեն կերակրում խիստ արհեստական՝ քիմիական նյութեր պարունակող կերով։ Այդ ամենը փոխանցվում է կաթի մեջ․ արդյունքում՝ մի կողմից գյուղացին դժգոհում է, որ վերամշակողներն ապրանքն իրենից տանում են 130-150 դրամով, մյուսից՝ չի կարողանում ընդունել լիտրը 300 դրամով վաճառելու առաջարկը՝ ասում է Ջերմուկի և Դիլիջանի սեփական ֆերմաներին զուգահեռ կաթ մթերելու ցանկություն հայտնող «Երեմյան Փրոջեքթսի» ղեկավարը։
Դավիթ Երեմյան («Երեմյան փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն) - Մենք հայտարարել ենք որ 50 հազար բակտերոայով կաթ պատրաստ ենք 300 դրամով գնել, ցավոք սրտի, առաջարկողներ չկան:
Իրենց բիզնեսին՝ շատ կաթը պետք է, որովհետև տեսականին վաճառելու խնդիր չունեն, նույնիսկ երբ այն միջին շուկայականից թանկ է։ Գործարարը ոլորտի տնտեսվարողներին վստահեցնում է, որ հայաստանյան սպառողը լավ էլ գնահատում է անարատ կաթից՝ առանց հավելումների պատրաստվող սննդամթերքը, տարբերում կեղծումը։ Ինչ վերաբերում է թթվասեր-կաթնաշոռ, յոգուրտ քիչ ուտելուն, պատճառը և՛ մարդկանց վճարունակությունն է, և՛ կասկածները, որ վերամշակողները շատ են կաթի փոշի, կոկոսի յուղ կամ օսլա օգտագործում։ Եթե պանիրը կամ պաղպաղակը փոշուց է՝ պիտակին պետք է գրված լինի, անպայման կարդացեք այն՝ հորդորում են սննդի անվտանգության պատասխանատուները։ Օրինաչափ համարում՝ տեխնոլոգիաների զարգացման շնորհիվ խանութներում առկա է մինչև իսկ կես տարի պահպանվող կաթը։
Տարեսկզբից, ի դեպ, երկրում նկատվում է կաթի արտադրության ծավալների նվազում, չնայած, ըստ վիճակագիրների, պանրի արտահանումը չի կրճատվել։ Կայուն շարունակվում է նաև կաթի փոշու ներկրումը։ Որակյալ մթերքին անհրաժեշտ հումքի խնդիրը լուծելու համար «Հայաստանում անասնապահության զարգացման Հյուսիս-հարավ» ծրագրով մեկնարկել են, այժմ էլ՝ Սյունիքի, Գեղարքունիքի ու Շիրակի մարզերի արոտների լավացման ու կենդանիների սորտերի թարմացման աշխատանքները։