ԱՄՆ իշխանությունները մտավախություն ունեն, որ Ռուսաստանի Կենտրոնական բանկի սառեցված ակտիվների հնարավոր բռնագրավումը կխաթարի Վաշինգտոնի՝ որպես վստահելի ներդրումային գործընկերոջ կարգավիճակն այլ երկրների աչքում։ Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Ըստ պարբերականի՝ Ջո Բայդենի վարչակազմի ամերիկացի պաշտոնյաները նախազգուշացրել են, որ միջոցների դուրսբերումը կարող է անօրինական լինել, ինչը կխրախուսի մյուս երկրներին՝ անվստահություն հայտնել ԱՄՆ-ին՝ որպես ներդրումները չպահպանող պետության։
Թերթը նշում է նաև, որ Վաշինգտոնը «շատ ավելի զգուշավոր է» սառեցված ռուսական ակտիվներն Ուկրաինային որպես ֆինանսական օգնություն տրամադրելու հարցում՝ ի տարբերություն եվրոպական երկրների։
Ռուսաստանի Կենտրոնական բանկի ղեկավար Էլվիրա Նաբիուլինայի խոսքով՝ արևմտյան երկրների կողմից սառեցված Կենտրոնական բանկի պահուստների ընդհանուր ծավալը կազմել է մոտ 300 մլրդ դոլար։