ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը շնորհավորական ուղերձ է հղել Երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ, որում մասնավորապես նշված է.
«Սիրելի՛ երեխաներ,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ և ձեր ծնողներին Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ:
Երեխաները մարդկության մշտնջենական պարգևն են՝ գոյատևման առհավատչյան: Մանկական անհոգ թոթովանքն ու լուսապայծառ ժպիտը յուրաքանչյուր հայ ընտանիքի հիմքն են և ազգի շարունակական առաջընթացի գրավականը:
Ազգի և մարդկության համար առողջ և խելացի անձ, պատասխանատու և օրինապահ, ազնիվ և բարեպաշտ քաղաքացի դաստիարակելը ոչ միայն ծնողների պարտքն է, այլև պետության կարևորագույն առաքելություններից մեկը:
Հայրենի պետությունը և իր համապատասխան կառույցներն ամուր պատվար են ձեր իրավունքների պաշտպանության համար և երաշխավոր՝ ապագայի անխաթար կերտման գործում:
Պետությունն անսասան է ձեր՝ կրթության, մշակույթի և սպորտի ասպարեզներում զարգացման համար բոլոր անհրաժեշտ և պատշաճ պայմաններ ստեղծելու, իր գործառույթներն իրականացնելու առումով:
Սիրելի՛ երեխաներ,
Կրկին շնորհավորում եմ ձեզ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ և մաղթում առողջ, խանդավառ մանկություն, խաղաղ, անամպ երկինք և լուսավոր ապագա»: