ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն անդրադարձավ Վերին Լարսում ստեղծված իրավիճակին:
ՌԴ տրանսպորտի նախարարությունից օրեր առաջ հայտնել էին, որ աշխատանք է տարվում անցակետերի, այդ թվում՝ ռուս-վրացական սահմանի Վերին Լարսի անցակետի թողունակության մեծացման ուղղությամբ։
«Շատ մտահոգ ենք այն իրավիճակով, որ ստեղծված է Վերին Լարսի անցակետում: Կարելի է ասել՝ օրական մի քանի ժամ ես և իմ գործընկերները զբաղվում ենք այդ անցակետի հետ կապված հարցերով:
Ինչպես գիտեք, հունիսի 15-ից պետք է գործի լաստանավային հաղորդակցությունը Վրաստանի և Ռուսաստանի միջև, որը թույլ կտա, որ մենք որոշակի բեռների առումով էապես թեթևացնենք ճանապարհորդությունը: Կառավարությունը դրա համար հատկացրել է մոտավորապես 2.5 միլիարդ դրամ գումար առաջիկա 6 ամսվա սուբսիդավորման համար:
Բացի դրանից՝ անցած շաբաթ ունեցել եմ խորհրդակցություն մեր ռուս գործընկերների հետ, պլանավորել ենք հունիսի 11-ին հանդիպել նաև Վերին Լարսում, իրար հետ հասկանալ, թե ինչ հնարավորություններ ունենք՝ էլ ավելի արագացնելու Վերին Լարսի թողունակությունը: Կարծում եմ, որ ամենօրյա աշխատանքային ռեժիմով կկարողանանք այնպես անել, որ սեզոնի սկզբին լարվածությունը թուլացնենք»,- ասաց Քերոբյանը: