Երևանում մեկնարկել է «Մարդու իրավունքներ և պատասխանատվություն. պատերազմի հետևանքները» թեմայով առաջին միջազգային եռօրյա համաժողովը, որին մասնակցում են 30 գիտնական, իրավաբան ու փորձագետ աշխարհի 16 երկրից: Համաժողովի կազմակերպիչն է «Ճշմարտություն և արդարադատություն» ամերիկյան կենտրոնը:
Էմիլիա Միքայելյան (համաժողովի համակարգող) - Մինչև սկսելը, կարծում եմ՝ կարևոր է նշել, թե ինչու ենք հիմա այստեղ: 2020-ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը և Թուրքիան լայնածավալ ռազմական հարձակում սկսեցին Լեռնային Ղարաբաղի, նրա ժողովրդի դեմ: Ներգրավեցին ահաբեկիչ վարձկանների, օգտագործեցին կասետային զենքեր, զոհվեցին հազարավոր մարդիկ: Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է թիրախավորել Արցախի բնակիչներին, ենթակառուցվածքները, բնակավայրերը: Արցախի բնակչությունը ցանկանում է ապրել ազատ, առանց մշտական վախի և բռնության, առանց էթնիկ զտման, որ փորձում է իրականացնել Ադրբեջանը:
Երևանում են մասնագետներ, որոնք աշխատում են ՄԱԿ-ի միջազգային դատարանի, համաշխարհային տարբեր ատյանների հետ, դասավանդում հեղինակավոր բուհերում:
Սթենլի Գոլդման (Լոյոլա իրավունքի դպրոցի պրոֆեսոր, ԱՄՆ) - Ցեղասպանությունը, ցավոք, շատ անմարդկային և հին հանցագործություն է: Դրա դրսևորումներն ամենուր են: Այստեղ քննարկում ենք դրանցից մեկը, սակայն, կարծում եմ, բոլոր ցեղասպանությունները փոխկապակցված են: Ինչպես ցույց են տալիս ուսումնասիրությունները, շատ նուրբ սահման կա ուրիշներին ատելու և նրանցից ազատվելու ցանկության մեջ: Դա ողբերգություն է, ինչի կապակցությամբ մենք պետք է միշտ զգոն լինենք։
Գիտաժողովին ներկայացվում են նաև պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրները ու մարդու իրավունքների խախտումների փաստեր: Մայքլ Ռուբինը Վաշինգտոնից է, Ամերիկյան ձեռնարկությունների ինստիտուտի ավագ գիտաշխատողը հոդվածներ է գրել նաև Լեռնային Ղարաբաղի, վերջին պատերազմի մասին:
Մայքլ Ռուբին (Ամերիկյան ձեռնարկությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող) - Ես գրում եմ ոչ հայկական լսարանի համար, իմ նպատակն այն է, որ ավելի շատ ճշգրտություն, հստակություն լինի ամերիկյան քաղաքականության հիմքում, և չպետք է շփոթենք հանդարտությունը խաղաղության հետ: Պայքարը դեռևս ավարտված չէ, այդ պատճառով պետք է լույս սփռել Էրդողանի ու Ալիևի գործողությունների վրա: Նման կոնֆերանսներն ինքնին չեն հասնում որևէ բանի, այն մեկ հարկի տակ է համախմբում մարդկանց՝ քննարկելու լավագույն փորձը, թե ինչպես գործ ունենալ ապացույցների շղթայի հետ, ինչպես օգտագործել դատական գործերում, երբ կարիքը լինի: Էրդողանը և Ալիևը առաջ են տանում ցեղասպանության մասին իրենց գաղափարախոսությունը իրենց ժողովրդին սեփական ձախողումներից շեղելու համար: Երբ համադրեք ցեղասպանության գաղափարախոսությունը և նավթագազային հարստությունը, կստացվի աղետի կատարյալ բաղադրատոմս. սա աղետ է:
Գիտաժողովի ընթացքում կազմակերպվել են նաև պանելային քննարկումներ: Ազգությամբ եզդի, Վրաստանում ծնված Նատիա Նավրուզովը մասնակցում էր Ապացույցների հավաքում. ինչպես ուժեղացնել ձայները՝ կանխելու վայրագությունները և ցեղասպանությունը թեմայով քննակմանը:
Նատիա Նավրուզով (Իրավական փաստաբանության տնօրեն, Իրաք) - Ցավում եմ հայ ժողովրդի հետ տեղի ունեցածի համար: Որպես եզդիч լավ եմ հասկանում, թե ինչպես կարող են մարդիկ թիրախ դառնալ միայն ազգային պատկանելության համար: Ուկրաինական ճգնաժամի պայմաններում, կարծում եմ, միջազգային հանրությունը որոշ չափով մոռացել է ղարաբաղա-ադրբեջանական կոնֆլիկտի մասին: Գիտաժողովը կարևոր է՝ ուշադրության ներքո պահելու խնդիրը, գտնելու արդար լուծումներ: Դատապարտում եմ բռնության ցանկացած դրսևորում: Ամեն մի ժողովուրդ իրավունք ունի լինել վճռական, կարծում եմ՝ հայ ժողովուրդն արժանի է խաղաղ ապրելու:
Աշխարհի տարբեր երկրներից Երևանում համախմբված իրավաբաններն ու միջազգային իրավունքի մասնագետները քննարկում են նաև Արցախում 44-օրյա պատերազմի զոհերի միջազգային արդարադատության հասանելիության խնդիրը: Գիտաժողովն աշխատանքը կամփոփի ուրբաթ: