2021 թվականին փաստացի ապահովվել են 1 տրիլիոն 586.9 միլիարդ դրամ հարկային եկամուտներ: Այս մասին ԱԺ Տնտեսական ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտնեց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը:
«Հարկեր-ՀՆԱ ցուցանիշը, որը հարկային վարչարարության էֆեկտիվության ամենաէական գործոններից մեկն է, կազմել է 22.7 տոկոս, որը 0.2 տոկոսային կետով գերազանցել է 2021 թվականի համար սպասվող ցուցանիշը և 0.3 տոկոսային կետով՝ 2020 թվականի ցուցանիշը, որը կազմում էր 22.4 տոկոս:
Ընդ որում՝ եկամուտների աճ ունեցել ենք բոլոր հարկատեսակների գծով, բացառությամբ ակցիզային հարկի: Ակցիզային հարկի մասով պատճառը կազմում է ծխախոտ արտադրող տնտեսվարողների մոտ ծավալների կրճատումներով: Եկամուտների ցուցանիշների վրա բացասական ազդեցություն ունեցել է ԱԱՀ-ի, եկամտային հարկի և ակցիզային հարկի գծով վերադարձված գումարների աճը, որոնք կազմել է 180.2 միլիարդ դրամ՝ 30.1 տոկոսով գերազանցելով նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը: Մասնավորապես, ԱԱՀ-ի վերադարձված գումարները 2021 թվականին կազմել են 146.7 միլիարդ դրամ՝ 22.2 տոկոսով կամ 26.6 միլիարդ դրամով գերազանցելով նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը:
Եկամտային հարկի գծով վերադարձված գումարները 2021 թվականին կազմել են 32.6 միլիարդ դրամ՝ 83.8 տոկոսով կամ 14.9 միլիարդ դրամով գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը»,- ասաց Բադասյանը:
Ընդ որում՝ Բադասյանի խոսքով, հաշվետու ժամանակահատվածում հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների մասով վարկառուներին և համավարկառուներին է վերադարձվել 22.7 միլիարդ դրամ եկամտային հարկ, որը նախորդ տարվա համեմատ աճել է 70.4 տոկոսով կամ 9.4 միլիարդ դրամով: