Տավուշի մարզի սահմանամերձ Պառավաքար գյուղի խմելու ջրի խնդիրը լուծվել է: Գյուղը սնող ջրի ակունքը չի փոխվել, փոխվել է ամբողջ ներքին ցանցը: Պառավաքարի խմելու ջուրը գալիս է 27 կիլոմետր հեռվից՝ Սուրենասարից: Գյուղում սուր էր ջրի խնդիրը, բնակիչները ջուր էին ունենում 2-3 օրը մեկ: Հնամաշ ջրագծի պատճառով մեծ էր ջրի կորուստը:
Ռոլանդ Մարգարյան (Պառավաքարի վարչական ղեկավար) - Սա կարևոր էր գյուղի համար: Խմելու ներքին ցանցն ամբողջությամբ վերակառուցվել է:
Նոր ջրագիծը կառուցվել է Կառավարության և Համաշխարհային բանկի գործակցության արդյունքում՝ Տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով՝ 152 մլն դրամ ներդրմամբ: 200 մլն դրամ էլ հատկացրել է «Հայաստան» համահայկական հիմնադրամը: Խմելու ջրի խնդրի լուծումը պատերազմի պատճառով հետաձգվել էր: 2021-ի աշնանը հաջողվել է վերսկսել ծրագիրը՝ փորձելով արագ վերականգնել Պառավաքարի ջրի մատակարարումը:
Հայկակ Արշամյան («Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն) - 2,8 կմ ներքին ցանցի մասին է խոսքը: Ֆինանսավորումը ունեցանք Մեծ Բրիտանիայի տեղական մարմնից՝ մեծ մասը, և մի փոքր մասը՝ Բրազիլիայի տեղական մարմնից: Պառավաքարը դիտարկում ենք որպես սահմանային համայնք և կարևոր համայնք: Կառուցել ենք արտաքին և ներքին ցանցը, և ջրամբարը, որը ջուր է մատակարարում գյուղին:
Սահմանային համայնքին ձեռք մեկնած բարերարներն առաջիկայում կգան Հայաստան, կմեկնեն Տավուշ՝ տեսնելու կատարված աշխատանքի արդյունքը:
Հայկակ Արշամյան - Ջրի խնդիրը բոլորին մտահոգում է, և ի թիվս այլ ենթակառուցվածքների՝ կրթական ծրագրերի, ճանապարհների, դպրոցների, մանկապարտեզների, նաև մեծ ուշադրություն ենք դարձնում ջրի խնդիրներին: Հիմնադրամն այս ուղղությունը կպահի ուշադրության կենտրոնում ոչ միայն Տավուշում:
Դեպի գյուղ ջրի նոր ճանապարհի բացման համար համայնքն էլ իր կողմից 60 միլիոն դրամ է ներդրել՝ ամռան սեզոնի մեկնարկին համատեղ լուծելով ամենակարևոր հարցը:
Քնարիկ Մարյանյան (Պառավաքարի բնակիչ) - Երբ ուզում ենք՝ լվացքի մեքենան միացնում ենք, կարիքների համար օգտագործում ենք, մշտական ջուր ունենք: