12 միլիոն շվեյցարական ֆրանկը Շվեյցարական զարգացման և համագործակցության գործակալությունը հատկացրել է Տավուշի, Գեղարքունիքի, Լոռու և Շիրակի մարզերում «Կայուն և ներառական աճ լեռնային Հայաստանում» ծրագիրը իրականություն դարձնելու համար:
Վերներ Թութ (ՀՀ-ում Շվեյցարիայի գործերի հավատարմատար) - Այս նոր նախագիծը ներառական, նորարարական և կլիմայի վերաբերյալ իրազեկման եղանակով Հայաստանի լեռնային բնակավայրերում կնվազեցնի աղքատությունը: 10 տարի տևողությամբ SIGMA նախագիծը կիրականացվի Հյուսիսային Հայաստանի ամենաաղքատ շրջաններում՝ ներառելով 1500 մ և ավելի բարձրության վրա գտնվող տարածքները:
Բարձրլեռնային բնակավայրերում տեղական ինքնակառավարման մարմինների ապակենտրոնացման և գյուղական վայրերում տնտեսական զարգացման փորձ Շվեյցարիան ունի: Հայաստանի գյուղատնտեսությանը տրամադրած գումարը ծախսելու են փոքր ֆերմերների, ՓՄՁ-ների և տեղական զբոսաշրջության զարգացմանն աջակցելու նպատակով՝ ասում է Վերներ Թութը:
Վերներ Թութ - 10 տարում 12 միլիոն եվրո կներդրվի: Նպատակը, որին ցանկանում ենք հասնել, լեռնային Հայաստանի տնտեսական աճն է։
Հետևողականորեն կզարգանան գյուղական զբոսաշրջությունը, գյուղատնտեսական տեխնոլոգիաները, անասնապահությունը, բուսաբուծությունը՝ վստահեցնում է Շվեյցարիայի Համադաշնության գործերի հավատարմատարը:
Վերներ Թութ - Այս ծրագիրն իրականացնելու համար արդեն սկսել ենք փնտրել այն միջազգային կազմակերպությանը, որը լավագույնս կիրականացնի այս ծրագիրը: Առաջին մեկուկես տարում նախագիծը նախապատրաստական փուլում կլինի։ Դրանից հետո կմեկնարկի իրականացման փուլն ու կտևի մինչև 2032 թվականը։
Որոշ ծրագրեր արդեն բարեհաջող ընթացքի մեջ են. 4,5 միլիոն շվեյցարական ֆրանկով արդեն իրականացվում է «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» ծրագիրը, որի նպատակը գյուղական զբոսաշրջության միջոցով բնության պահպանությունն ու տնտեսական աճը համատեղելն է: Մեկ այլ՝ ավելի քան 7 միլիոն բյուջեով էլ Շվեյցարիայի փորձի հիման վրա աջակցում են գյուղատնտեսությունում մասնագիտական կրթության արդիականացմանը: Արդեն 2 տարի է՝ մրցույթով Հայաստանի քաղաքապետարաններին տրամադրում են փոքր դրամաշնորհներ տեղական տնտեսության զարգացման համար: