Սուբվենցիոն ծրագրերի մշտադիտարկման աշխատանքային խմբի ղեկավար, Շիրակի մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանը մարզպետարանի ոլորտային պատասխանատուների հետ եղել է Ախուրյան խոշորացված համայնքի Ջաջուռավան, Լեռնուտ, Հացիկ բնակավայրերում։ 2021 թվականի սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերով այս բնակավայրերում վերակառուցվել են մանկապարտեզների շենքերը։ Պատասխանատուները շրջել են կառույցներում։ Արձանագրվել են մի շարք թերություններ, շինարարներին հանձնարարվել է ամենասեղմ ժամկետներում վերացնել բոլոր թերությունները։
Ընդհանուր 115 մլն 148 հազար դրամ արժողությամբ 3 ծրագրերի գումարի 60 տոկոսը հատկացրել է Կառավարությունը՝ 69 մլն 89 հազար դրամը , 40 տոկոսը համայնքային ներդրում է։ Երեք բնակավայրերի մանկապարտեզներն էլ 60 երեխա հզորություն ունեն։
Աշխատանքային խումբը եղել է նաև Շիրակ բնակավայրում, որտեղ ընթացքի մեջ են 46 երեխայի համար նախատեսված երկու խմբասենյակով մանկապարտեզի կառուցման աշխատանքները։ 2021 թվականին մեկնարկած ծրագրի արժեքը 74 մլն 122 հազար դրամ է, գումարի 60 տոկոսը տրամադրելու է Կառավարությունը, 40-ը՝ համայնքը։ Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Ույուտ սենթր» ՍՊԸ-ն, դրանք կավարտվեն երկու ամսից։