ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը հայտնեց, որ պետական պարտքը 2021 թվականի տարեվերջի դրությամբ կազմել է 4 տրիլիոն 430 միլիարդ դրամ, ինչը համարժեք է 9 միլիարդ 226 միլիոն դոլարի: Դրա գերակշիռ մասը Կառավարության պարտքն է, իսկ 220 միլիարդ դրամը՝ Կենտրոնական բանկինը:
«Կառավարության պարտքը տարեվերջին կազմել է է 4 տրիլիոն 210 միլիարդ դրամ, որի կազմում արտաքին պարտքը 2 տրիլիոն 972 միլիարդ դրամ է, ներքին պարտքը 1 տրիլիոն 237 միլիարդ դրամ է»,- ասաց Խաչատրյանը:
Դրամային արտահայտությամբ, Խաչատրյանի խոսքով, 2021 թվականին 2020-ի նկատմամբ պետական պարտքն աճել է 6.4 տոկոսով, Կառավարության պարտքը` 7.3 տոկոսով, իսկ դոլարային արտահայտությամբ` 15.8 տոկոսով պետական պարտքը, 16.8 տոկոսով՝ Կառավարության պարտքը:
«Այս երևույթը 2021 թվականի հունվարի 1-ի և 2021 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ԱՄՆ դոլարի նկատմամբ դրամի փոխարժեքի տարբերությամբ է պայմանավորված: 2020 թվականի նկատմամբ դրական զարգացում ենք տեսնում այն առումով, որ 24.4 տոկոսի փոխարեն դրամային արտահայտությամբ ունենք 28.8 տոկոս կշիռ մեր պարտքի կազմում: Սա կարևոր է նրանով, որ մենք նվազեցնում ենք մեր պարտքի կախվածությունը փոխարժեքային ռիսկերից: Որքան դրամային պարտքի կշիռը բարձր, այնքան մենք ավելի մեծ վստահություն կարող ենք ունենալ, որ փոխարժեքի փոփոխությունները մեր պարտքի ընդհանուր մակարդակը չեն տանի դեպի վերև»,- ասաց Խաչատրյանը: