ԴԱԴԱՐԵՑՎԵԼ Է ՌՈՒՍԱԿԱՆ ԳԱԶԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄԸ ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐ
«Գազպրոմ» ընկերությունը մայիսի 31-ից դադարեցրել է ռուսական գազի մատակարարումը Նիդերլանդներում իր հիմնական գործընկեր Gasterra-ին: Պատճառն այն է, որ նիդերլանդական ընկերությունը չի կատարել ապրիլին մատակարարված գազի վճարումները և հրաժարվել է ռուբլով վճարումներ կատարելուց:
Gasterra-ն իր որոշումը բացատրել է նրանով, որ նոր սխեմայով վճարումները կարող են հանգեցնել Ռուսաստանի դեմ Եվրամիության սահմանած պատժամիջոցների խախտման, բացի այդ վճարման պահանջվող ձևի հետ կապված ֆինանսական և գործառնական ռիսկերը մեծ են:
Լեհաստանից, Բուլղարիայից և Ֆինլանդիայից հետո Նիդերլանդները չորրորդ երկիրն է, որը պաշտոնապես կդադարի ռուսական բնական գազ ստանալ՝ մատակարարումների դիմաց ռուբլով վճարելուց հրաժարվելու պատճառով:
ԻՐԱՎԻՃԱԿՆ ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ԿԱՐՈՂ Է ԱՎԵԼԻ ՎԱՏԹԱՐԱՆԱԼ. ՄԻԼԼԻ
Իրավիճակն Ուկրաինայում կարող է է՛լ ավելի վատթարանալ, ուստի ԱՄՆ-ը քայլեր է ձեռնարկում դա թույլ չտալու համար։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեի նախագահ, գեներալ Մարկ Միլլին։
Նրա խոսքով՝ այդ ուղղությամբ իրականացվող քայլերից մեկն ամերիկացի և ռուս զինվորականների միջև բանակցություններն են:
Գեներալի կարծիքով՝ Ուկրաինայի շուրջ իրավիճակի վերջնական կարգավորումը բանակցությունների միջոցով կլինի ամենատրամաբանական ընտրությունը:
Ամերիկացի զինվորականի գնահատմամբ՝ Ուկրաինայում իրավիճակի հանգուցալուծման այլ տարբերակ կարող են լինել կողմերից մեկի վճռական հաղթանակը կամ էլ պատային իրավիճակը։
«Շատ տարբերակներ կան։ Մենք դեռևս վստահ չենք, թե ինչպես ամեն ինչ կավարտվի»,- նշել է պաշտոնյան։
ԶԵԼԵՆՍԿԻՆ ՔՆՆԱԴԱՏԵԼ Է ԵՄ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին քննադատել է ԵՄ ղեկավարներին՝ Մոսկվայի նկատմամբ չափազանց մեղմ վերաբերմունքի համար, երբ նրանք հասկացրել են, որ Բրյուսելի գագաթնաժողովում չեն կարողանալու համաձայնության գալ ռուսական նավթի ներմուծման արգելքի շուրջ:
Եվրամիությունն Ուկրաինայում ՌԴ հատուկ ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր պատժամիջոցների հինգ փաթեթ է ընդունել:
Սակայն վեցերորդ փաթեթի շուրջ համաձայնության բացակայությունը և, մասնավորապես, նավթի արգելքը բացահայտել են պատժամիջոցներն ընդլայնելու կողմնակիցների և հակառակորդների պայքարը: Եվրոպայի համար տնտեսական ռիսկը մեծացել է, քանի որ շատ երկրների կախվածությունը ռուսական էներգակիրներից մեծ է:
«Ինչո՞ւ եք կախված Ռուսաստանից, նրանց ճնշումներից և ոչ հակառակը, Ռուսաստանը պետք է կախված լինի ձեզնից, ինչո՞ւ Ռուսաստանը պետք է կարողանա օրական մոտ մեկ միլիարդ եվրո վաստակել էներգիա վաճառելով: «Ինչո՞ւ են ահաբեկչական բանկերը դեռ աշխատում Եվրոպայի և համաշխարհային ֆինանսական համակարգի հետ, դրանք լուրջ հարցեր են»,- հարցրել է Զելենսկին ԵՄ ղեկավարներին:
Միաժամանակ Ուկրաինայի նախագահը ծայրահեղ բարդ է համարել Դոնբասի իրավիճակը: Ըստ նրա՝ Ռուսաստանի զինված ուժերը շարունակում են հարձակողական գործողությունները: Զելենսկու խոսքով՝ անցած գիշեր Խարկովում մի քանի մարդ է վիրավորվել հրթիռակոծության պատճառով:
ԵՄ ԵՐԿՐՆԵՐԸ ՄԱՍԱՄԲ ԿԱՐԳԵԼԵՆ ՌԴ-ԻՑ ՆԱՎԹԻ ՆԵՐԿՐՈՒՄԸ
ԵՄ 27 երկրների ղեկավարները երկօրյա գագաթնաժողովում պայմանավորվել են մասամբ արգելել Ռուսաստանից նավթի ներկրումը։ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն ավելի ուշ հայտարարել է, որ համաձայնագիրը կտարածվի Ռուսաստանից ներկրվող նավթի ավելի քան երկու երրորդի վրա: Սակայն համաձայնագրի մանրամասները չեն հրապարակվում: