Հայաստանի ընթացիկ տնտեսական վիճակը վարչապետ Նիկոլ Փաշինյանը համարում է լավատեսական: ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում նա հայտնեց, որ Հայաստանի տնտեսությունը դիմակայունություն է ցուցաբերում:
«Առաջին եռամսյակի տվյալներով 8.6 տոկոս տնտեսական աճ ունենք, իսկ առաջին 4 ամիսների տվյալներով ունենք 9.4 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ, որը շատ լավատեսական է: Այս լավատեսության ֆոնն էականորեն բարելավում է այն ուղևորահոսքերը, որ մենք այսօր ունենք: Մենք տեսնում ենք, որ դեպի Հայաստան ուղևորահոսքերն էականորեն աճում են: Կարևոր է հասկանալ, թե ինչն է պատճառը, որ, ի հեճուկս ռազմաքաղաքական, աշխարհաքաղաքական, ներքաղաքական որոշակի խնդիրների, մենք տնտեսական կոլապս չենք ունեցել, չնայած կանխատեսում էին: Իմ բացատրությունը միայն մեկն է. մենք կառավարություն ենք, որ, ըստ էության, տնտեսությունից չենք կորզում գումարներ, այլ, ընդհակառակը՝ շատ գումարներ ենք վերադարձնում: Մեր տնտեսական դիմակայունության հարցում ուզում եմ ընդգծել ստվերի կրճատումը, որը համակարգային կոռուպցիայի հաղթահարման արդյունք է: Մենք այսօր քաջալերում ենք, որպեսզի տնտեսություն ավելի ու ավելի շատ գումարներ մտնեն»,- ասաց Փաշինյանը:
Միաժամանակ Փաշինյանը նշեց, որ գլոբալ տնտեսական վիճակը շատ լարված է, և հնչում են միայն հոռետեսական կանխատեսումներ:
«Հայաստանն աշխարհից կտրված չէ և չի կարող լինել, այնուամենայնիվ, իմ տրամադրվածությունն այնպիսին է, որ պետք է կենտրոնանանք մեր բյուջեի կատարման վրա, հատկապես կապիտալ ծախսերի կատարման վրա, որպեսզի կարողանանք մեր 7 տոկոս տնտեսական աճի ցուցանիշն ապահովենք»,- ասաց նա: