16-հարկանի շենքի բարձրության այս շոգեկաթսան Հրազդանի 5-րդ էներգաբլոկում է՝ կցված գազատուրբինին։ Երկրում միակն է՝ բացառիկ, ոչ թմբուկային, այլ ուղղահոս, ինչի շնորհիվ ջուրը ճնշման տակ դրանում 370 աստիճանում առանց եռալու միանգամից վերածվում է գոլորշու։ Արդյունքում՝ կայանում կարող են քիչ գազ այրելով համեմատաբար շատ էլեկտրաէներգիա ստանալ։ Բայց «Գազպրոմ Արմենիային» պատկանող Հրազդան 5-ն այս պահին չի աշխատում։
Արտակ Մովսիսյան («Հրազդան 5» ՋԷԿ-ի գլխավոր ճարտարագետ) - Կայանի աշխատել-չաշխատելը գալիս է օպերատորից, մենք ասել ենք՝ պատրաստ ենք, հիմա ասեն՝ միացրե՛ք, համակարգերը կան, կարող ենք միացնել:
Իրականում ամբողջ սխեման միացնել այժմ չեն կարող, քանի դեռ չեն ապահովել «Ալստոմի» տեխնիկայի հերթական պլանային նորոգումը։ Նոյեմբերին, երբ դա ավարտեն, ցանցերին 70 ՄՎտ-ի կարգի էլեկտրաէներգիա կտան։ Այնպես որ, ատոմակայանի կանգառի ներկա փուլում, երբ ոչ հզոր այս կայանը կարող է հոսանք արտադրել, ոչ էլ «Ռենկոյի» նոր կառուցած շահագործած «Արմփաուեր»-ը, համակարգի պակասուրդը «Երևան ՋԷԿ»-ի հետ լրացնելու խնդիրը մնացել է երկրում ամենաթանկ հոսանքն արտադրող «Հրազդան ՋԷԿ»-ի վրա։
Ռուբիկ Վլասյան («ՀրազՋԷԿ» ընկերության էներգաբլոկի մեքենավար) - Երբ ասում են՝ թողարկե՛ք՝ թողարկում ենք, երբ ասում են՝ կանգնեցրե՛ք՝ կանգնեցնում ենք:
Այս ՋԷԿ-ի հոսանքը ցանցեր է մտնում բավական բարձր՝ կվտ-ժամը մոտ 50 դրամով, այնպես որ, էլեկտրաէներգիայի սակագինը երկրում ներկա մակարդակում պահպանվում է տարվա ընթացքում ՀԷԿ-երի ու ատոմակայանի արտադրած անհամեմատ էժան հոսանքի հաշվին։ Հին են, բայց հուսալի, և ստացվում է՝ Հայաստանի էներգետիկայի շտապօգնությունն են՝ իրենց կայանի մասին ասում է տիկին Անահիտը։
Անահիտ Տիգրանյան («ՀրազՋԷԿ» ընկերության արտադրատեխնիկական բաժնի պետ) - Մեզ տվել են 60,21 մլն կվտ էլէներգիայի առաքում, բայց մենք հունվարից հետո ամեն ամիս աշխատել ենք և հունվարի 1-ից առ այսօր առաքել ենք համակարգին 263 մլն կվտ-ժամ:
Նախատեսվածից քառակի շատ հոսանքի արտադրությամբ հպարտանալով հանդերձ՝ այստեղ գիտեն, որ կայանի ՕԳԳ-ն ցածր է, գազի գինը՝ բարձր, ու հետագա աշխատանքի համար պարտադիր է քայլեր ձեռնարկելը։ Հավանաբար շուտով Սովետի սարքավորումների մի մասը կփոխարինեն «Սիմենսի» տեխնիկայով: «Հրազդան ՋԷԿ»-ի սեփականատեր «Տաշիր» խումբը ներդրումային քննարկումներ է սկսել՝ վստահեցնում է կայանի գլխավոր ինժեները։
Տիգրան Մարտիրոսյան («ՀրազՋԷԿ» ընկերության գլխավոր ինժեներ) - Ներկա վիճակում աշխատանքներ ա գնում համակցված ցիկլով 64 ՄՎտ-անոց մի բլոկ տեղադրելու համար, աշխատանքներ գնում են արդեն, այո՛։ Դա կարժենա՝ էդ բլոկը, 58-60 մլն եվրո, մի էդքան էլ՝ մոնտաժային աշխատանքը:
Մեկ այլ նախագծով հնարավոր է կառուցեն 12 հատ 4,5 ՄՎտ-անոց փոքր մոդուլային կայաններ, որ դրանց հետ ունեցած հին 4 տուրբինը դարձնեն պահուստային, ու երբ և որքան հզորություն պետք լինի՝ արագ գործարկեն։ Շուկայի ազատականացման շնորհիվ իրենց արտադրած էլեկտրաէներգիան արդեն կարողանալու են անմիջապես օգտագործել, առանց ցանցերին վաճառելու և նրանից նոր հետ գնելու։ Իսկ դրա կարիքը շուտով ունենալու են, քանի որ սեփականատերը տարածքում ձուլարան է կառուցում։
Տիգրան Մարտիրոսյան - Ոչ բլոկայինը ներկա վիճակում, էսօր ապամոնտաժվում է, որ ուրիշ բան կառուցվի, էդտեղ նոր արտադրություն ա դրվելու՝ մետաղաձուլարան:
Ծրագրերն ինչպես էլ առաջ գնան, պատից չեն իջեցնի արդեն 50 տարի կայանի խորհրդանիշ դարձած, Սովետին ոչ բնորոշ՝ հորոսկոպով հսկա ժամացույցը։ Ի դեպ, «Հրազդան ՋԷԿ»-ի հովացման աշտարակները Հայաստանում միակն են, որ աշխատում են չոր տեխնոլոգիայով։ Էլեկտրաէներգիայի արտադրության ժամանակ առաջացած գոլորշին այստեղ սառչում է ձագարաձև կոնստրուկցիային ամրացված փակ դետալներում․ ցող չկա, երկինքը բաց է։