2021 թվականի տարեվերջի դրությամբ` Հայաստանի պետական պարտքը կազմել է 4 տրիլիոն 430 մլրդ դրամ կամ 9 մլրդ 226 մլն դոլար՝ Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում պետական բյուջեի 2021 թվականի տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ ներկայացրեց ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը:
Արտաքին պարտքը կազմում է 2 տրիլիոն 972, իսկ ներքինը՝ 1 տրիլիոն 237 մլրդ դրամ՝ մանրամասնեց նախարարը:
Տիգրան Խաչատրյան (ՀՀ ֆինանսների նախարար) - Մեր դրամական արտահայտությամբ պարտքը 2020 թվականի նկատմամբ աճել է 6.4 տոկոսով. պետական պարտքը նկատի ունեմ, այդ թվում` Կառավարության պարտքը աճել է 7.3 տոկոսով, իսկ դոլարային արտահայտությամբ 15.8 տոկոսով աճել է պետական պարտքը կամ 16.8 տոկոսով՝ Կառավարության պարտքը: Էստեղ պետք է պարզաբանեմ, որ այս երևույթը 2021 թվականի հունվարի 1-ի և 2021 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ՝ ԱՄՆ դոլարի նկատմամբ դրամի փոխարժեքի տարբերությամբ է պայմանավորված:
Դրամային պարտքը ընդհանուր կառուցվածքում մեծացել է՝ 24.4 տոկոսից դառնալով 28.4 տոկոս: Սա որոշակիորեն նվազեցնում է նաև պարտքի կախվածությունը փոխարժեքի ռիսկերից:
2021-ի բյուջեի հաշվետվության վերաբերյալ Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանն էլ հայտարարեց, որ կառույցը դրական եզրակացություն է տվել հաշվետվությանը:
ԳՆԱՃԻ ԶՍՊՈՒՄԸ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԾԱԽՍԱՏԱՐ ԿԼԻՆԻ. ԿԲ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ
Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանն էլ ներկայացրեց գլխավոր դրամատան եզրակացությունը հաշվետվության վերաբերյալ. նախորդ տարի իրականացված քաղաքականության շնորհիվ հնարավոր է եղել երկրում ապահովել մակրոտնտեսական կայունությունը:
Ներսես Երիցյան (ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ) - Հարկաբյուջետային միջնաժամկետ կայունության և տնտեսական խթանների արդյունավետ համադրման շրջանակներում Կենտրոնական բանկն ընդգծում է հարկային բարեփոխումների և բյուջետային կարգավորումների բարելավման շարունակականության ապահովումը, ինչպես նաև Կառավարության նպատակադրած թիրախներն ապահովող արդյունավետ միջոցառումների շարունակական իրականացումը:
Հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը Ներսես Երիցյանից հետաքրքրվեց գնաճի վերաբերյալ Կենտրոնական բանկի սպասումների մասին:
Ներսես Երիցյան - Վերջին կանխատեսումներով` տարվա վերջին ենթադրվում է` գնաճը արդեն սկսել էր նվազել, և գնաճը պետք է հայտնվեր 6-6.5 տոկոսի շրջանակներում:
Այդուհանդերձ, նոր շոկեր կան` կապված տարածաշրջային աշխարհաքաղաքական իրավիճակի հետ: Կենտրոնական բանկը կարող է իր գործիքակազմով զսպել գնաճը, սակայն դա կարող է տնտեսության համար շատ ավելի ծախսատար լինել, եզրափակել է Երիցյանը:
Հեղինակ` Նիկոլայ Ավետիսյան