Թուրքիայի զինված ուժերը պատրաստ են նոր ռազմական գործողություն իրականացնելու Սիրիայի հյուսիսում՝ հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը:
Նրա խոսքով՝ հակազդեցությունը Քրդստանի աշխատավորական կուսակցությանը և սիրիական «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերին» կշարունակվի մինչև «վերջին ահաբեկչի ոչնչացումը»:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 23-ին հայտնել էր Սիրիայի հյուսիսում 30 կմ խորությամբ անվտանգության գոտու ընդլայնման նպատակով նոր ռազմական գործողության նախապատրաստման մասին: Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ գործողությանը կներգրավվեն 50 հազար թուրք զինծառայողներ և Սիրիայի զինված ընդդիմության գրոհայիններ, որոնք ստանում են Անկարայի աջակցությունը:
Սիրիայի ԱԳ նախարար Ֆեյսալ Միկդատը նշել է, որ երկրի հյուսիսում Թուրքիայի գործողությունները կարող են հանգեցնել տարածաշրջանի համար վտանգավոր էկոլոգիական և ժողովրդագրական հետևանքների։