ՖՐԱՆՍԻԱՆ ԱՋԱԿՑՈՒՄ Է ՀՀ-ԱԴՐԲԵՋԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆԸ
Ֆրանսիան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում դրական դինամիկային։ Այդ մասին ասված է նախագահ Էմանուել Մակրոնի՝ Իլհամ Ալիևին ուղղված ուղերձում:
«Եվս մեկ անգամ վերահաստատում եմ Ֆրանսիայի վճռական հավատարմությունը խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններին և Ադրբեջանի ու Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Ցանկանում եմ հավաստիացնել, որ աջակցում եմ վերջին ամիսներին արձանագրված դրական դինամիկային ինչպես Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների մակարդակով ուղիղ շփումների հաստատմանը, այնպես էլ սահմանային հարցերով երկկողմ հանձնաժողովի ստեղծմանը, որի արդյունքները մենք տեսնում ենք»,- նշված է ուղերձում:
Մակրոնն ընդգծել է նաև տարածաշրջանում խաղաղություն կառուցելու համար վստահության մթնոլորտի ձևավորման կարևորությունը:
ԶԵԼԵՆՍԿԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԵԼ Է ԷՐԴՈՂԱՆԻ ԱՌԱՋԱՐԿԻՆ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին համաձայնել է Թուրքիայի նախագահ Էրդողանի առաջարկին՝ հանդիպում կազմակերպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այդ մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը: Նա տեղեկացրել է, որ հանդիպման ձևաչափերի մասին քննարկում չկա. խոսքը նման հանդիպմանը սկզբունքորեն համաձայն լինելու մասին է։
Ավելի վաղ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Մոսկվան չի հրաժարվում երկու երկրի ղեկավարների հանդիպումից, սակայն Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցողները պետք է համապատասխան փաստաթուղթ համաձայնեցնեն, որն այնուհետև կվերջնականացվի ամենաբարձր մակարդակով։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահը քննադատել էր ԵՄ ղեկավարներին Մոսկվայի նկատմամբ չափազանց մեղմ վերաբերմունքի և պատժամիջոցների 6-րդ փաթեթն ուշացնելու համար: Նա նաև ծայրահեղ բարդ է համարել Դոնբասի իրավիճակը:
ԵՄ-Ն ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ Է ԵԿԵԼ ՌՈՒՍԱԿԱՆ ՆԱՎԹԻ ԷՄԲԱՐԳՈՅԻ ՀԱՐՑՈՒՄ
Եվրամիությունը համաձայնության է հասել հակառուսական պատժամիջոցների վեցերորդ փաթեթի, այդ թվում՝ նավթի էմբարգոյի շուրջ: Այդ մասին հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:
«Այժմ մենք արդեն հստակ ծրագիր ունենք՝ արգելելու ռուսական նավթի ներմուծումը 90%-ով։ Այս տարվա վերջին մենք կգնենք 90%-ով պակաս ռուսական նավթ: Բացառություն կկազմեն միայն դեպի ծով ելք չունեցող երկրները»,- նշել է դիվանագետը:
Նա կարծիք է հայտնել, որ դա Եվրամիությունում թեժ քննարկումների ողջամիտ հանգուցալուծում է: Բորելը հավելել է, որ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը ներառում է նաև սահմանափակումներ՝ կապված SWIFT համակարգի օգտագործման հետ:
«Դա է՛լ ավելի կբարդացնի Ռուսաստանի տնտեսության վիճակը և արտաքին աշխարհի հետ հաղորդակցությունը»,- ասել է Բորելը:
Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ ԵՄ-ն չի կարող խանգարել Ռուսաստանին վաճառել իր նավթն այլ երկրների: Բորելի խոսքով՝ ԵՄ-ն, սակայն, Ռուսաստանի ամենակարևոր գնորդն է, և Մոսկվան ստիպված կլինի փնտրել այլ գնորդներ և նվազեցնել նավթի գինը:
ԱՆԿԱՐԱՆ ՉԻ ՄԻԱՆԱ ՌԴ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻՆ. ՉԱՎՈՒՇՕՂԼՈՒ
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան չի միանա Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին։
«Ռուսաստանի դեմ պատժամիջոցները բացասաբար են անդրադարձել նաև Թուրքիայի վրա։ Մեր դիրքորոշումը հասկանում են: Դա պետք է հասկանալ նաև այն միջնորդական դերի համար, որը մենք ունենք»,- ասել է Չավուշօղլուն:
Նա նաև տեղեկացրել է, որ հունիսի 8-ին սպասվում է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ռուսական ռազմական պատվիրակության այցը Թուրքիա:
ԹՈՒՐՔԻԱՆ ՉԻ ՓՈԽԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ՖԻՆԼԱՆԴԻԱՅԻ ԵՎ ՇՎԵԴԻԱՅԻ ՀԱՐՑՈՒՄ
Թուրքիան չի փոխի իր դիրքորոշումը ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության հարցում, մինչև նրանք չձեռնարկեն քայլեր, որոնք նրանցից սպասում են Անկարայում: Այդ մասին անգլիական The Economist ամսագրում հրապարակված հոդվածում գրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։
«Թուրքիան թեկնածու երկրներից ակնկալում է ահաբեկչական կազմակերպությունների գործունեության դադարեցում իրենց տարածքում և նրանց անդամների հանձնում թուրքական կողմին: Այդ երկրների իշխանություններին հստակ ապացույցներ են ներկայացվել, նրանցից պատասխան քայլեր են սպասում»,- գրել է Էրդողանը։
ԽԵՐՍՈՆԸ ՄՏԱԴԻՐ Է ՆԱԽԱՁԵՌՆԵԼ ՌԴ ԿԱԶՄԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑ
Խերսոնի շրջանի իշխանությունները մտադիր են մոտ ժամանակներս նախաձեռնել Ռուսաստանի կազմի մեջ ընդգրկվելու գործընթաց, որպեսզի տարածաշրջանը դառնա Դաշնության լիարժեք սուբյեկտ:
Այդ մասին հայտարարել է Խերսոնի շրջանի ռազմաքաղաքացիական վարչակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլ Ստրեմոուսովը: