Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը հյուրընկալել է Մոսկվայի քաղաքապետարանի նախաձեռնությամբ՝ առցանց ձևաչափով անցկացված Մեգապոլիսների 6-րդ միջազգային առարկայական օլիմպիադայի մասնակիցներին:
2021-2022 ուսումնական տարվա օլիմպիադան կազմակերպվել է «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Քիմիա» և «Ինֆորմատիկա» առարկաներից: Երևանի թիմն այս տարի ևս գրանցել է բարձր արդյունքներ՝ արժանանալով 2-րդ կարգի մրցանակի, բլից տուրում՝ գավաթի, իսկ անհատական մրցույթներում՝ 3 արծաթե և 2 բրոնզե մեդալների:
Ողջունելով աշակերտներին՝ Լևոն Հովհաննիսյանը շնորհավորել է գրանցած արդյունքների և շնորհակալություն հայտնել օլիմպիադայում Երևանը լավագույնս ներկայացնելու համար:
«Վստահ եմ, որ դուք շարունակելու եք միշտ բարձր պահել Երևանի պատիվը միջազգային հարթակներում՝ գրանցելով նորանոր ձեռքբերումներ: Առանձնակի եմ կարևորում նաև ուսուցիչների, ինչպես նաև երևանյան թիմի ղեկավար մարզիչների աշխատանքը, որոնք իրենց գործի նվիրյալներն են և կրթում են օրինակելի սերունդ»,- նշել է Լևոն Հովհաննիսյանը: