Ուկրաինայում հակամարտությունը Եվրամիությանը ցույց տվեց, որ փափուկ ուժը բավարար չէ, և ԵՄ-ն այսուհետ պետք է լուրջ ռազմական ուժ դառնա։ Այդ մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:
Նրա խոսքով՝ ԵՄ անդամ պետությունները պետք է համակարգված կերպով ավելացնեն ռազմական բյուջեները, ինչը հեշտ չի լինի:
«Եթե ԵՄ յուրաքանչյուր երկիր ուղղակի ավելացնի իր ռազմական ծախսերը որոշակի տոկոսով, դա միջոցների մեծ վատնում կլինի, քանի որ չեն շտկվի մեր հիմնական ռազմական թերությունները։ Բանակն ազգային ինքնիշխանության հիմքն է, և ռազմական ծախսերի համակարգումը շատ քաղաքական հմտություններ կպահանջի»,- ընդգծել է Բորելը:
Նա նշել է, որ Եվրամիության գագաթնաժողովին կներկայացնի Եվրոպական պաշտպանական գործակալության զեկույցը, որը միավորում է եվրոպական բանակների պահանջներն ու պաշտպանական արդյունաբերության հնարավորությունները: